Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է գերմանացի ուսանողուհի Շանի Լուկի մահը, որն առեւանգվել էր ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից հոկտեմբերի 7-ին, Իսրայելի հարավում տեղի ունեցած երաժշտական փառատոնի ժամանակ։

«Մենք ցավով տեղեկացնում ենք, որ գտնվել եւ ճանաչվել է 23-ամյա Շանի Լուկի մարմինը։ Շանին, որն առեւանգվել էր երաժշտական փառատոնից, ենթարկվել է կտտանքների եւ ի ցույց դրվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից, նա անասելի սարսափներ է ապրել։ Մեր մտքերը եւ աղոթքները Շանիի ընկերների եւ ընտանիքի հետ են այս աներեւակայելի մղձավանջի ժամանակ»,- նշվել է Իսրայելի ԱԳՆ հաղորդագրությունում։

Süddeutsche Zeitung թերթը մեջբերել է աղջկա մոր՝ Ռիկարդա Լուկի խոսքերը, որն ասել է, որ իր դստեր մարմինը դեռ չեն գտել, բայց գտել են գանգի բեկոր, վերցվել է ԴՆԹ նմուշ, որը հաստատել է աղջկա ինքնությունը։

Սկզբում, տեղեկացրել է թերթը, Լուկի ընտանիքը ենթադրում էր, որ աղջիկը լուրջ վիրավորվել է, բայց ողջ է եւ ՀԱՄԱՍ-ի պատանդն է։