Մոլդովայում արգելափակվել է 31 ինտերնետային պորտալ. Դրանց թվում են kp.md, aif.md, vedomosti.md, enews.md, հայտնում է Newsmaker.md-ն։

Տեղեկատվական անվտանգության ծառայությունը հրաման է արձակել Մոլդովայում արգելափակել 31 ինտերնետային պորտալ, «որոնցից 21-ը ուղղակիորեն վերահսկվում է Ռուսաստանից», հոկտեմբերի 30-ին մամուլի ճեպազրույցում ասել է Մոլդովայի տեղեկատվության եւ անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդրու Մուստեատան:

Ծառայությունը լրացրել է այն կայքերի ցանկը, որոնք տարածում են տեղեկատվություն «որը կարող է լարվածություն կամ սոցիալական կոնֆլիկտ առաջացնել»։ Այս տեղեկատվությունը, ըստ Տեղեկատվության եւ անվտանգության ծառայության, ստացվել է «ռազմական հակամարտությունում գտնվող և որպես ագրեսոր պետություն ճանաչված պետության կառավարական մարմիններից կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից, որոնք ընդգրկված են ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի միջազգային պատժամիջոցների ցուցակներում՝ Մոլդովայում սահմանադրական կարգի ապակայունացմանն ուղղված գործողությունների կամ հարևան պետության՝ Ուկրաինայի պետականությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող գործողություններին մասնակցելու համար»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունում հրամանագիր է ստորագրվել, ըստ որի Մոլդովայում արգելափակվել են ևս 22 ռուսական ինտերնետային պորտալներ։