Կատարի մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հանրային հայտարարությունները կարող էին խափանել այդ երկրի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թունիի հետ նրա հանդիպումը, գրել է Spiegel-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Թերթը հիշեցրել է, որ ZDF-ի հոկտեմբերի 10-ի հարցազրույցում Բերբոքին հարցրել էին, թե ինչ արժեն Իսրայելի հետ համերաշխության բոլոր արտահայտությունները, եթե հետո «ճաշում են ահաբեկչության հովանավորի հետ»։ «Այդ պետություններին, այդ թվոնմ Կատարին, շատ հստակ հասկացրել են, որ հիմա նրանք պարտավոր են դիմակայել այդ դաժան ահաբեկչությանը»,- պատասխանել էր այն ժամանակ նախարարը՝ ավելացնելով, որ ահաբեկչության ֆինանսավորման թեման կենտրոնականն է լինելու Կատարի էմիրի հետ բանակցություններում։
Նրա խոսքով՝ Գերմանիան չի ընդունի ահաբեկչության ֆինանսավորումը, իսկ այնպիսի երկրներ, ինչպիսին է Կատարը, «դրա համար հատուկ պատասխանատվություն են կրում»։
Spiegel-ի տվյալներով՝ հարցազրույցը «աշխույժ հեռախոսային բանակցություններ» էր հրահրել Բեռլինի եւ Դոհայի միջեւ։ Թերթի աղբյուրները նշել են, որ Բերբոքի հայտարարությունների պատճառով Կատարի էմիրը կասկածի տակ է դրել նրա հետ հնարավոր հանդիպումը։ Գերմանիայի ԱԳՆ-ում Կատարի «կասկածները» քաղաքական գործիչների հանդիպման առիթով հերքել են։
Արդյունքում՝ Կատարի էմիրն այնուամենայնիվ հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ Բեռլինում, նշել է Spiegel-ը։ Հանդիպման ընթացքում, թերթի տվյալներով, Ալ Թանին Բերբոքին բացատրել է, որ «Կատարի օգնության վճարումները համակարգվում են Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ եւ խիստ վերահսկվում են»։





























