Իսրայելը Գազայում խախտել է ժամանակակից պատերազմի կանոնները, ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթյորեն։
«Ես կարծում եմ, որ սա (Իսրայելի պատասխանը ՀԱՄԱՍ-ին- խմբ.) դուրս է գալիս համամասնության շրջանակից»,- ասել է նա Euobserver-ի զրույցում։
«Իսրայելը գիտե, որ մենք դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը եւ պաշտպանում նրա ինքնապաշտպանվելու իրավունքը։ Մենք պահանջում ենք ազատ արձակել պատանդներին»,- ավելացրել է Գար Սթյորեն։ «Մենք միեւնույն ժամանակ պահանջում ենք, որպեսզի պահպանվի համամասնությունը։ Հումանիտար տառապանքներն այժմ դուրս են գալիս այդ շրջանակից»,- ասել է նա։
Պատերազմը Գազայում պաղեստինամետ եւ հակաիսրայելական ցույցեր է հրահրել եվրոպական քաղաքներում։
Նորվեգիայի վարչապետը ելույթ է ունեցել Հյուսիսային երկրների ութ ղեկավարների ամենամյա հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Նորվեգիայի խորհրդարանում։ Խորհրդարանի շենքի մոտ բարձրացվել էին Պաղեստինի դրոշները։
Հարցին, թե արդյոք Նորվեգիան որեւէ լիազորություն ունի, որպեսզի սանձի իսրայելական ագրեսիան, Գար Սթյորեն պատասխանել է. «Մենք կարող ենք արտահայտվել, մենք կարող ենք քվեարկել Միավորված Ազգերի Կազմակերպությունում, մենք կարող ենք խնդրել հումանիտար աջակցության մասին»։
Նորվեգիան ՄԱԿ ԳՎ-ում քվեարկել է հորդանանյան բանաձեւի օգտին, որով կոչ է արվում «անհապաղ հումանիտար հրադադար հաստատել։ Բայց նա միակ սկանդինավյան երկիրն է, որն արել է դա։





























