Իսրայելի ԱԳՆ-ն Թել Ավիվի հետ հարաբերությունները խզելու Բոլիվիայի որոշումը անվանել է «կապիտուլյացիա ահաբեկչության եւ Իրանի այաթոլաների վարչակարգի առջեւ»։
«Բոլիվիան այդ քայլով միանում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը, որն սպանել է ավելի քան 1 400 իսրայելցու եւ առեւանգել 240 մարդու, ներառյալ երեխաների, կանանց, ծերերի եւ մանուկների։ Իսրայելը դատապարտում է Բոլիվիային ահաբեկչությանն աջակցելու եւ իրանական վարչակարգին կապիտուլացվելու համար, ինչը վկայում է Բոլվիայի կառավարության արժեքների մասին։ Բոլիվիայում իշխանափոխությունից հետո երկրների միջեւ հարաբերությունները մնացել են անբովանդակ»,- գրել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը X-ի իր միկրոբլոգում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ Գազայի հատվածի վրա իր հարձակումների պատճառով, իսկ Կոլումբիան եւ Չիլին հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար։
Բոլիվիան «որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները իսրայելական պետության հետ՝ ի նշան Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիվ եւ անհամաչափ ռազմական հարձակման մերժման եւ դատապարտման», մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փոխարտգործնախարար Ֆրեդի Մամանին։
Երեք երկրները կոչ են արել դադարեցնել կրակը, ընդ որում Բոլիվիան եւ Չիլին պնդում են, որ մարդասիրական օգնությունը հասցվի այդ գոտի եւ մեղադրում Իսրայելին միջազգային իրավունքը խախտելու մեջ:
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հարձակումներն անվանել է «պաղեստինյան ժողովրդի ջարդ»:





























