Թուրքիայի Վան նահանգում, որտեղ մի քանի ժամ առաջ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, խուճապ է տիրում: Մարդիկ դուրս են եկել փողոց եւ վախենում են տուն մտնել: Ինչպես հաղորդում է թուրքական Anatolia գործակալությունը, Վանում մի քանի շենք է փլուզվել, բազմաթիվ բնակիչներ են տուժել: Առայժմ թվեր չեն նշվում: Վանի կենտրոնում փլուզվել է յոթհարկանի շենքը, փլատակների տակ մարդիկ կան, փրկարարներն արդեն անցել են գործի: Սեյսմոլոգները նույնպես բնակիչներին կոչ են արել տուն չվերադառնալ եւ որոշ ժամանակ անցկացնել դրսում` հնարավոր համարելով ստորերկրյա ցնցումների կրկնությունը: Ինչպես ավելի վաղ հողորդել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի 23 -ին Թուրքիայում 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Ցնցումներն առաջացրել են ավերածություններ, էկեկտրաէներգիայի եւ բջջայի կապի խափանումներ: Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ` ժամը 15:45-ին: Ցնցումներից հետո բջջային կապը գործում է նկատելի խափանումներով: Հիշեցնենք, որ վերջին ժամանակաշրջանում երկրակեղեւի շարժը տարածաշրջանում զգալիորեն ակտիվացել է: Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը, վերջին օրերի ընթացքում հանրապետոթյան տարբեր շրջաններում գրանցվել են ցնցումներ 3 - 5 բալ ուժգնությամբ: