Ֆրանսիային հարազատ է երկրների հետ հավասարակշիռ հարաբերությունների պահպանման Ղազախստանի դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Աստանայում, որտեղ գտնվում է պաշտոնական այցով, տեղեկացրել է Informburo.kz-ը։

Մակրոնը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին Աստանայի եւ Փարիզի երկկողմ հարաբերությունների խորացման համար։ Նա ընդգծել է փոխադարձ հարգանքի ոգու ամրապնդման կարեւորությունը։ «Ֆրանսիան բարձր է գնահատում մեր բարեկամությունը։ Մենք ամրապնդում ենք մեր հարաբերությունները։ Երկիրը հրաժարվում է լինել որեւէ այլ պետության վասալը, ցանկանում հավասարակշռված հարաբերություններ պահպանել տարբեր երկրների հետ, որպեսզի ծառայի ժողովրդին։ Այս ռազմավարությունը հարազատ է Ֆրանսիային, մենք եւս սիրում ենք ընտրել մեր բարեկամներին, մենք նրանց հարգում ենք»,- ասել է Մակրոնը։

Ինչպես նշել է Reuters-ը, նախագահ Տոկաեւի հետ հանդիպման ժամանակ Մակրոնը գովել է Աստանան, որը հրաժարվել է կանգնել Մոսկվայի կողմում Ուկրաինայի հարցում եւ հայտարարել, որ երկու երկրները նախատեսում են ստորագրել կարեւոր գործնական համաձայնագրեր։

Տոկաեւի խոսքով՝ Ղազախստանի եւ Ֆրանսիայի համագործակցությունը դինամիկ զարգանում է, բայց դրան հարկավոր է լրացուցիչ խթան հաղորդել։ «Ուստի կարելի է ձեր այցն անվանել պատմական, շատ կարեւոր։ Համոզված եմ, այսօրվա բանակցությունները արդյունավետ կլինեն»,- ընդգծել է Տոկաեւը։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են ղազախա-ֆրանսիական ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական երկխոսության ամրապնդմանը, համագործակության խորացմանը առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, տրանսպորտային-լոգիստիկ եւ մշակութային-հումանիտար ոլորտներում։

Տոկաեւը եւ Մակրոնը կարծիքներ են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ։