Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ներողություն է խնդրել Տանզանիայում գերմանական գաղութատիրության օրոք կատարված հանցագործությունների համար և խոստացել է իրազեկել իր երկրում տեղի ունեցած վայրագությունների մասին, հայտնում է AFP-ն։

«Ուզում եմ  ներողություն խնդրել այն բանի համար, ինչ գերմանացիներն արել են այստեղ ձեր նախնիների հետ», - ասել է Շտայնմայերը հարավային Սոնգեա քաղաքի Մաջի-Մաջի թանգարան այցելության ժամանակ:

Տանզանիան գերմանական Արևելյան Աֆրիկայի մի մասն էր, որտեղ 1905-1907 թվականներին տեղի ունեցավ գաղութատիրության պատմության ամենաարյունալի ապստամբություններից մեկը: Մասնագետների գնահատմամբ, 200․000-ից մինչև 300․000 բնիկներ գազանաբար սպանվել են, այսպես կոչված, Մաջի-Մաջի ապստամբության ժամանակ՝ հիմնականում գերմանական զորքերի կողմից դաշտերի և գյուղերի համակարգված ոչնչացման հետևանքով:

Շտայնմայերն ասել է, որ Գերմանիան պատրաստ է աշխատել Տանզանիայի հետ անցյալի «ընդհանուր վերամշակման» վրա: «Այն, ինչ տեղի ունեցավ այստեղ, մեր ընդհանուր պատմությունն է՝ ձեր նախնիների պատմությունը և Գերմանիայում մեր նախնիների պատմությունը», - ասել է նա՝ խոստանալով «այս պատմություններն ինձ հետ տանել Գերմանիա, որպեսզի իմ երկրում ավելի շատ մարդիկ իմանան դրանց մասին»: «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մենք՝ գերմանացիներս, կաշխատենք ձեզ հետ՝ ձեզ հանգիստ չտվող անպատասխան հարցերի պատասխանները գտնելու համար», - ավելացրել է նա:

Գերմանիան պատրաստ է համագործակցել «մշակութային արժեքների և մարդկային աճյունների հայրենադարձության հարցում», - ասել է նա Դար էս Սալամում նախագահ Սամիա Սուլուխու Հասանի հետ հանդիպումից հետո: