Իսրայելի պաշտպանության բանակը գործում է Գազայի հատվածի խորքերում, զորքերն արդեն գտնվում են հենց Գազայի՝  Պաղեստինի համանուն անկլավի ամենամեծ քաղաքի, մատույցներում: Այս մասին լրագրողներին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի 162-րդ դիվիզիայի հրամանատար, բրիգադի գեներալ Իցիկ Քոենը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Բրիգադի գեներալն ընդգծել է, որ հինգ օր առաջ իր դիվիզիան «կարևոր խնդիր է ստացել՝ գնալ և վճռականորեն վերջ տալ ՀԱՄԱՍ-ին»։

«Մենք ոչնչացրել ենք ՀԱՄԱՍ-ի կարողությունների զգալի մասը, հարձակվել ենք նրա ռազմավարական օբյեկտների վրա, ստորգետնյա թունելների և այլ օբյեկտների վրա»,- հայտարարել  է նա։

Ըստ Քոենի, Իսրայելի գործողությունը Գազայում  «երկարատև պատերազմ» է դառնալու և այն «պատերազմ է Իսրայել պետության գոյության համար»։ «Եվ մենք հաղթելու ենք», - վստահ է գեներալը: