Պատմաբանները եւ հնագետները դարեր շարունակ հետազոտել են Մեծ Սֆինքսը Գիզայում, թե ինչ տեսք է այն ունեցել սկզբում։ Ինչպիսի՞ն է եղել նրա սկզբնական անվանումը։ Բայց քիչ ուշադրություն է դարձվել այն վիճելի հարցին, թե երբ են հին եգիպտացիներն սկսել կառուցել այն, եւ արդյոք նրա ձեւավորման վրա ազդել է շրջակա բնությունը։

Նյու Յորքի համալսարանի գիտնականների խումբը վերստեղծել է 4 500 տարի առաջ, երբ ստեղծվել է Սֆինքսը, գոյություն ունեցած պայմանները, որպեսզի ցույց տա, թե ինչպես է քամին շարժվել ժայռաբեկորների դեմ՝ ձեւավորելով աշխարհի ամենաճանաչելի քանդակներից մեկը։ Հետազոտությունը հրապարակվել է Physical Review Fluids ամսագրում։

Planet Today-ը տեղեկացրել է Նյու Յորքի համալսարանի աշխատակիցների կատարած հետազոտության մասին։

Աշխատանքը կենտրոնացել է յարդանգների՝ արտասովոր ժայռաբեկորների վերստեղծման եւ այն ուսումնասիրության վրա, թե ինչպես է Մեծ Սֆինքսը կարողացել առաջ գալ որպես յարդանգ, որը հետագայում մարդկանց կողմից ստացել է հայտնի քանդակի ձեւը։

Համալսարանի աշխատակից Ռիսթոֆը եւ նրա գործընկերները նմուշներ են վերցրել փափուկ կավից Մեծ Սֆինքսի գտնվելու վայրում։

Հետո նրանք լվացել են այն ջրի արագ հոսքով, որպեսզի նմանակեն քամուն, որը փոխել է նրանց ձեւը՝ վերջնարդյունքում ստանալով Սֆինքսի ձեւը։

«Մեր արդյունքները Սֆինքսի ձեւավորման պարզ տեսությունն են տալիս»,- նշել է Ռիսթրոֆը։ «Իրականում այսօր գոյություն ունեն յարդանգներ, որոնք նստած կամ պառկած կենդանու տեսք ունեն, ինչը հաստատում է մեր եզրահանգումները»։

«Աշխատանքը կարող է օգտակար լինել նաեւ երկրաբանների համար, քանի որ ի հայտ է բերում գործոններ, որոնք ազդում են լեռնաքարերի բնույթի վրա»,- ավելացրել է նա։ «Անսպասելի ձեւերն առաջանում են այն պատճառով, թե ինչպես են հոսքերը պտտվում ավելի ամուր կամ քիչ քայքայվող մասերի վրա»։