Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին` երկրաշարժից հետո Թուրքիային առաջարկված օգնության համար, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ըստ գործակալության, Էրդողանն ասել է, որ Թուրքիան ի վիճակի է ինքնուրույն հաղթահարել աղետի հետեւանքները, բայց միեւնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, ներառյալ Հայաստանին եւ Իսրայելին, ովքեր օգնության ձեռք են մեկնել Թուրքիային:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով պետական այցով գտնվում է Մոսկվայում, շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որտեղ Հայաստանի օգնությունն է առաջարկում:
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով առկա ավերածությունների, զոհերի եւ փլատակների տակ մնացած մարդկանց մասին: Ցավում եմ տեղի ունեցածի համար, ցավակցում եմ եւ հայտնում եմ Ձեզ, որ Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանումը պատրաստ է սեղմ ժամկետում հասնել էպիկենտրոն եւ անհապաղ անցնել փրկարարական աշխատանքների»:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս պահի դրությամբ, Սերժ Սարգսյանի առաջարկին Թուրքիայից առայժմ պաշտոնական որեւէ արձագանք չի ստացվել:
ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ այս պահի դրությամբ, իրենց տվյալներով տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին, Թուրքիայում 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Ցնցումներն առաջացրել են ավերածություններ, էկեկտրաէներգիայի եւ բջջային կապի խափանումներ: Բացի Վանից, բավականին տուժել են նաեւ Կարսը, Արդահանը եւ Էրզրումը: Վանում զոհերի թիվն անցել է 100-ից, իսկ Արճեշում` 120-ից: Աղետի գոտում զոհերի թիվը կարող է հասնել 1000-ի, հազարավոր մարդիկ տուժել են: Վնասվել է Վանի օդանավակայանը եւ փրկարարները չեն կարողանում հասնել աղետի գոտի: Ստորերկրյա ցնցումների հետեւանքով փլվել է 50 բնակելի շենք, այդ թվում բազմահարկեր:
Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ` ժամը 15:45-ին:
Ցնցումները շարունակվել են նաեւ այսօր: Ընդհանուր առմամբ արձանագրվել է մոտ 80 հետցնցում, որոնց մի մասը նույնպես զգացվել է Հայաստանի տարածքում:




























