Մասնակցելով բյուջեի քննարկումներին, կարող եմ ասել, որ լավ ցուցանիշներ ու լավ ծրագրեր ունենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասել է Վահագն Ալեքսանյանը:

«Բայց ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել, ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգը վերադարձնենք քաղաքական օրակարգ: Իհարկե կարելի է ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը երբեք էլ մեր քաղաքական օրակարգից չի պակասել, բայց իրողություն այն է, որ այո, 2018-ի հեղափոխության արդյունքներով գերկարճ ժամկետներում Հայաստանում հաղթահարվել է համակարգային կոռուպցիա: Դրա հետևանքով առհասարակ կոռուպցիայի դրսևորումները ցածր մակարդակի վրա են գտնվել Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում:

Բայց փաստն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի առաջ ծառացած անվտանգային մարտահրավերների բերումով և վարչապետի, Կառավարության և Ազգային ժողովի ուշադրությունը գամված էր այդ անվտանգային մարտահրավերները հաղթահարելուն: Այդ ընթացքում պետական համայնքային ապարատի միջին և ստորին օղակները մտածել են, որ դա լավագույն ժամանակահատվածն է փոքր ինչ հարստանալու համար:

Իմ վրա օրինակ բերեմ, երբ ես գալիս ԱԺ ամբիոնից ներկայացնում եմ՝ Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված 4 հարկանի առանձնատունն եմ ցույց տալիս, դա միջին և ցածր օդակների համար լավ ժամանակահատված է, որ մի 2 հարկանի առանձնատուն էլ իրանք ունենան: Իհարկե կոռուպցիոն սխեմաների միջոցով»,- ասաց Ալեքսանյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ իրավապահ համակարգն այս առումով ակտիվ է գործում, և օրական ռեժիմով ստանում ենք ձերբակալությունների մասին տեղեկություններ, բայց նաև կարծում է, որ իրավական գործընթացները, որոնք տեղի են ունենում, մի բան են, բայց մեկ այլ բան է հարցի՝ քաղաքական մեծ օրակարգ բերելը:

«Կարծում եմ՝ այս խնդիրը ունենք և պետք է անենք»,- եզրակացրեց Վահագն Ալեքսանյանը: