Հասկանալ, թե ինչ է ռոքը Պեկինում՝ առանց այցելելու այդ հաստատություն, նույնն է, թե գնաս Լիվերպուլ եւ չայցելես Cavern Club, որտեղ ելույթ է ունեցել The Beatles-ը։

Պեկինի ամենահանրահայտ ռոք-հավաքատեղին School bar-ն է, հաստատությունը հիմնվել է չինացի հայտնի ռոք-երաժիշտներից մեկի կողմից։

Բարը գտնվում է քաղաքի կենտրոնում, բուդդայական Լամա-թեմփլ տաճարից ոչ հեռու (ուրիշ էլ որտեղ պետք է գտնվեր, եթե ոչ Շակյամունիի կողքին, լավ անարխիստ էր Գաուտաման), եւ գրավում է հարյուրավոր երաժշտասերների Ուդաոին Հութուն փողոցում, որտեղ հինագույն չինական միահարկ տներ են՝ նեղ ծառուղիներով։

Ցերեկն այդ փողոցներում դուք կարող եք նստել հարմարավետ սրճարաններում եւ ռեստորաններում, թափառել խանութներում, իսկ ահա երեկոյան սկսվում է ամենահետաքրքիրը։

Սկսում է աշխատել School bar-ը, որտեղ ամեն օր տեղի են ունենում տարբեր համերգներ տեղի խմբերի մասնակցությամբ, որոնք կատարում են ֆանկից մինչեւ պանկ-ռոք։

Այստեղ դուք կտեսնեք միանգամայն այլ երիտասարդություն, որը ինքնատիպ ոճային է հագնվում՝ այցելվող վայրին համահունչ։ Այն զգացողությունը, ասես ներկա եք գտնվում անդերգրաունդյան հավաքի՝ ուշ ԽՍՀՄ-ի ոճով, ձեզ կլքի անմիջապես, հենց որ լսեք սաունդի որակը, ինչն ինձ զարմացրեց եւ տպավորեց դրական առումով, անգամ ցանկացա տեսնել չինական խմբերին հարազատ երեւանյան փաբերում եւ բարերում, որպեսզի իմանամ նաեւ ձեր կարծիքը այդ ռոքերների մասին։ Բարը բաժանված է երկու մասի, մեկում դասական ըմպելիքների վաճառասեղանն է եւ մեկ-երկու էկրան, որոնցով անգլիական պրեմիեր լիգայի խաղերն են ցուցադրվում, երկրորդը հարեւան նկուղային շինությունն է, սրահ երկու հարյուր մարդու համար, որտեղ էլ ընթանում են համերգները։

Տոմսերը տատանվում են 70-120 յուանի (10-17 դոլար) սահմանում։ Եվ հավատացեք, արժե, բոլորին չէ, որ տրված է տեսնել եւ զգալ, թե ինչպես է երգում եւ ուրախանում չինացի երիտասարդությունը ռոք հավաքներում։

1 (10).jpg (242 KB)

Պեկինից՝ Պարույր Սինյավսկի