Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համար մեծագույն պատիվ է հյուրընկալել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Երախտագիտություն եմ հայտնում նստաշրջանը Երևանում հյուրընկալելու մեր հրավերն ընդունելու կապակցությամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանում մեկնարկած ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ այս տարվա ԵԱՀԿ նախագահության կարգախոսն ամբողջությամբ ընդգծում է այն արժեքը, որի վրա պետք է սևեռված լինի մեր բոլորի ուշադրությունը։

«Այն է՝ «Սա մարդկանց մասին է»։ Ցավալիորեն ԵԱՀԿ ողջ տարածաշրջանը շարունակվում է ցնցվել հակամարտություններից և միլիոնավոր մարդիկ տառապում են պատերազմի և հումանիտար ճգնաժամերի հետևանքով, և այս խորհրդարանական համաժողովի քննարկման և բանավեճի թեման իսկապես չափազանց կարևոր է՝ ո՞րն է մեր դերը ճգնաժամի այս օրերին և ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հակազդել ներքին և արտաքին մարտահրավերներին։

Հարգելի՛ գործընկերներ, ցավոք, Հարավային Կովկասը ևս, արդեն տասնամյակներ շարունակ և հատկապես վերջին տարիներին բախվում է անվտանգային լուրջ մարտահրավերների, և Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ու այս տարածաշրջանի դերակատար, փորձում է գտնել այն բանաձևը, որը հնարավորություն կտա մեր տարածաշրջանի երկրներին խաղաղ գոյակցել և այստեղ ապրող մարդկանց զերծ պահել տառապանքներից։ Այդ բանաձևի կարևորագույն բաղադրիչներից մեկը ժողովրդավարությունն է։

2018 թվականի Թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո ժողովրդավարական բարեփոխումները և ժողովրդավարական արժեքների ընկալումը մեր երկրում դարձել են անշրջելի»:

ԱԺ նախագահն ընդգծեց՝ Հայաստանը վստահ քայլում է այդ ուղղությամբ այն ընկալմամբ, որ ժողովրդավարությունը նաև անվտանգության կարևորագույն երաշխիք է. «Այս գործընթացը բավականին բարդ է, սակայն, մենք իրականացրել ենք լայնածավալ բարեփոխումներ՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և արժեքները։ Այդ բարեփոխումների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում կոռուպցիայի դեմ պայքարը, որը լինելու է այս համաժողովի քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Մենք վճռական ենք հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու արգելքները և շարունակելու Հայաստանի ժողովրդավարացման ուղին։

Տիկնայք և պարոնայք, ցավալիորեն մեր տարածաշրջանում ժողովրդավարությունը չափազանց խոցելի է արտաքին մարտահրավերների կողմից, և ես ցանկանում եմ այս հնարավորությունն օգտագործել ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունը հրավիրելու Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային սպառնալիքներին և տիրող իրավիճակին։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի Վանկուվերի հռչակագրում դուք, հարգելի գործընկերներ, շատ հստակ և աներկբա ամրագրել էիք ձեր դիրքորոշումը, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, սակայն հռչակագրի ընդունումից հետո տարածաշրջանում անվտանգային իրավիճակը վատթարացել է։

Այս տարվա սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը։ Ես և իմ մի շարք գործընկերներ երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում՝ 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո։

Սակայն, միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և մենք ունենք այն, ինչ ունենք այսօր։ Ինձ համար չափազանց ցավալի է այս արձանագրումն անել այս դահլիճում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ փոխանակ վերարժեվորելու մեր ժողովրդի պատմությունը և վերապրած փորձությունները ու նայելու առաջ, մենք ստիպված ենք առերեսվել պատմության գրեթե նույնական կրկնության՝ 21-րդ դարում։ Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրները ևս կդառնան այս վեհաժողովի քննարկման առարկա։