Մինչ Իսրայելը պատերազմ է վարում Գազայի հատվածում, համաշխարհային առաջնորդները մտածում են, թե ինչպես վերականգնեն կարգը մարտական գործողությունների դադարեցումից հետո։ Բայց այս հարցում համաձայնությունը մեծ չէ, իսկ լավատեսությունը՝ առավել եւս, գրել է Bloomberg-ը։

Կկարողանա՞ արդյոք Իսրայելը երբեւէ հասնել իր հայտարարած նպատակներին՝ ապառազմականացնել 2,2 մլն բնակիչ ունեցող պաղեստինյան տարածքը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է Արեւմտյան ափից Գազա վերադարձնել ավելի չափավոր Պաղեստինի ինքնավարությունը Մահմուդ Աբասի գլխավորությամբ եւ վերականգնել Պաղեստինի պետության կառուցման գաղափարը։

Հարցազրույցները Իսրայելում, արաբական աշխարհում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում տասնյակ պաշտոնյաների, դիվանագետների եւ վերլուծաբանների հետ ցույց են տալիս տարբերակների դիապազոնը, ինչպես նաեւ անվստահությունը, որը գերակշռում է բանավեճերում։

Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Նեթանյահուի կառավարությունը դեմ է Պաղեստինի պետության ստեղծմանը եւ ցանկանում է պահպանել Արեւմտյան ափի եւ Գազայի հատվածի բաժանումը։

Պաղեստինի վարչակազմը հայտարարում է, որ չի քննարկի ապագան առանց հրադադարի, բայց մասնավոր կարգով պաշտոնյաները նշում են, որ պատրաստ են վերադառնալ, սակայն ոչ իսրայելական տանկերի վրա։ Եվրամիությունը կողմ է վերադարձին եւ կարող է ուժեղացնել Գազայի հատվածի սահմանային վերահսկման իր առաքելությունը, որը մտցվել է հոկտեմբերի 7-ից հետո։

Եվրոպացի եւ ամերիկացի այլ պաշտոնյաներ ասում են, որ առաջ գնալու միակ ուղին բազմազգ ուժերն են կամ ՄԱԿ ուժերը՝ արաբական զորքերի գերակշռությամբ։ Հորդանանի, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի կառավարությունները դեմ են դրան եւ հայտարարում են, որ ԱՄՆ-ն չափից շատ է աջակցում Իսրայելին։

Կա այնպիսի ուժերի օգտագործման հնարավորություն, ինչպիսին Հայիթիում է կամ Լիբանանում, բայց դրանք համարվում են խիստ անարդյունավետ, եւ Իսրայելը կամ չի ընդունի դրանք, կամ հիմնականում կանտեսի։

Շատ արաբներ ՀԱՄԱՍ-ի հարձակումը դիտարկում են որպես այն բանի վկայություն, որ Իսրայելը անտեսում է պաղեստինյան հարցը՝ ի վնաս իրեն, փորձելով խաղաղություն պահպանել ավելի հեռու գտնվող երկրների՝ ԱՄԷ-ի, Մարոկկոյի եւ Սաուդյան Արաբիայի հետ։

Հնարավոր է վերականգնել փակուղի մտած իսրայելա-պաղեստինյան բանակցությունները եւ վերադառնալ երկու պետության մոդելին, որը ոգեշնչում էր երեք տասնամյակ շարունակ։ Ոմանք պնդում են, որ ՀԱՄԱՍ-ին անհնար է ոչնչացնել, քանի որ այդ խմբավորումը պաղեստինյան հասարակության անքակտելի մասն է եւ հիմա պետք է ներառվի խաղաղության բանակցություններում։

Իսրայելցիները այլ եզրահանգման կողմնակից են։ Նրանք ասում են, որ իրենց զորքերը եւ վերաբնակներին դուրս են բերել  Գազայից 2005թ.։ Պաղեստինցիները կարող էին կառուցել ֆաբրիկաներ, ֆերմաներ եւ հյուրանոցներ։ Դրա փոխարեն ՀԱՄԱՍ-ը կառուցում էր հրթիռներ եւ ստորգետնյա թունելներ։

Եզրակացություն՝ Իսրայելը այլեւս երբեք չպետք է հարեւան տարածքը թողնի անվտանգության պաղեստինյան ուժերի ձեռքում, որովհետեւ զինյալները նորից գրոհ կձեռնարկեն։ Նրանց համար մոդել են Գերմանիան եւ Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Գազայի համատարած ամայացման սցենարը կարմատականացնի երիտասարդության մի ամբողջ սերունդ հրեական պետության դեմ, նախազգուշացնում են արաբական երկրները։ Կպահանջեն միլիարդավոր դոլարներ վերականգնման համար։ Կատարն, օրինակ, արդեն երկար տարիներ ֆինանսավորում է Գազան, փողերը ներդրվում են ենթակառուցվածքում։

Որոշ արաբ ղեկավարներ ասում են, որ իրենք եռակի վճարել են Գազայի վերականգնման համար եւ այնքան էլ շահագրգռված չեն չորրորդ անգամ անել դա։

Իսրայելում շատերն ասում են, որ եկել է երկու պետությունից հրաժարվելու ժամանակը։

Բայդենն ասում է, որ հիմնական կանոնները ներառելու են՝ պաղեստինցիների բռնի տեղահանման բացակայություն, Գազայի ոչ մի պաշարում կամ շրջափակում եւ նրա տարածքի ոչ մի կրճատում։

Բայց Իսրայելը պնդում է, որ Գազայի բնակիչները ժամանակավորապես տեղափոխվեն Եգիպտոս կամ արաբական այլ երկրներ, որպեսզի ավարտի ռազմական գործողությունը։ Եգիպտոսը հրաժարվում է, ինչպես եւ այլ երկրները։ Իսրայելւ հայտարարում է, որ նախատեսում է ստեղծել բուֆերային գոտի Գազայի ներսում, ինչը հակասում է Բայդենին։

...Վալիդ Իբրահիմ ալ-Վալիդը (Պաղեստինի ինքնավարության կանխիչ անվտանգության ծառայության գեներալ) կարծում է, որ իր բախտը բերել է, որ ողջ է մնացել։ Նա ասում է, որ ՀԱՄԱՍ-ը երկու մահափորձ է կատարել իր դեմ Գազայի հատվածում։ «Նրանք եկան իմ տուն, որտեղ ես ընտանիքիս հետ էի, եւ սկսեցին կրակել ու նռնակներ նետել»,- ասել է նա։

Հիմա՝ ապրելով Արեւմտյան ափին, Ալ-Վալիդը կցանկանար վերադառնալ Գազա նոր ղեկավարության կազմում։ Գազայում դեռ Պաղեստինի ինքնավարության 25 000 պաշտոնյա կա, ոորնց մի մասը աշխատում է ՀԱՄԱՍ-ի նախարարություններում։ Տեսականորեն նրանք կարող էին կառավարման նոր կառուցվածք ձեւավորել։

Գազայի պոտենցիալ ղեկավարներից մեկը Մոհամեդ Դահլանն է։ Նա մարտահրավեր է նետել նախագահ Աբասին եւ 2011-ից ապրում է Աբու Դաբիում, արտաքսման մեջ։ Մյուսը Մարվան Բարղուտին է։ Նա իսրայելական բանտում է արդեն երկու տասնամյակ, մեծ ազդեցություն ունի Արեւմտյան ափին եւ համարվում է Աբասի հնարավոր հաջորդը։ Եվ Իսրայելը պետք է պատրաստ լինի նրան ազատ արձակելուն։

Բայց շատերը կարծում են, որ Պաղեստինյան ինքնավարությունը Աբասի կառավարման երկու տասնամյակից հետո դարձել է սկլերոտիկ եւ անարդյունավետ։

Փոփոխականները շատ-շատ են. ե՞րբ կավարտվի պատերազմը, քանի՞ խաղաղ բնակիչ կսպանվի, կտարածվե՞ն արդյոք մարտական գործողությունները Լիբանանում։ Անգամ պարզ չէ, թե ով որոշումներ կընդունի կարեւոր պաշտոններում։

Շատերն սպասում են, որ պատերազմի ավարտից հետո Նեթանյահում ստիպված կլինի հեռանալ։ Քանի որ նրա կառավարությունը հիմնականում ազգայնական է, փոփոխությունները կարող են նշանակել նոր մոտեցում։

Պարզ չէ նաեւ, թե որքան երկար իշխանությունում կմնա 88-ամյա Աբասը, եւ ով կարող է փոխարինել նրան։

Բայդենը Իսրայելին աջակցելու կենտրոնական դեր է ստանձնել՝ ավիակիրներ ուղարկելով Արեւելյան Միջերկրածով, որպեսզի նախազգուշացնի «Հեզբոլլահին» եւ Իրանին՝ չմտնել Իսրայելի հետ պատերազմի մեջ։

Հարց է նաեւ, թե ինչ կմնա Գազայից։

Սեկտորի հեղինակությունը ավելի մռայլ է, քան իրականությունը։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Գազայում գրագիտության ընդհանուր մակարդակը շատ ավելի բարձր է, քան հարեւան Եգիպտոսում, Սուդանում եւ Չադում։ Մանկական մահացության մակարդակը եւ կյանքի ակնկլալվող տեւողությունը եւս ավելի լավ վիճակում են։

Բայց պատերազմի հետեւանքները ավերիչ կլինեն։ ՄԱԿ զարգացման ծրագիրը արդեն կանխատեսում է, որ մոտ 390 000 աշխատատեղերի կորստի պատճառով տնտեսությունը կարող է կրճատվել 12 տոկոսով, աղքատությունը մեկ երրորդով կավելանա, իսկ տարածաշրջանը հետ կմնա մոտ 15 տարով։

ՀԱՄԱՍ-ը չի կարող վերացվել եւ պետք է ներառվի բանակցություններում, այն կարեւոր դեր կխաղա այն բանում, ինչն առաջ կգա այն ժամանակ, երբ զենքերը լռեն, կարծում են շատերը։

Մինչդեռ Իսրայելը Գազան վերածում է «վերակառուցման հարթակի», որը կկլանի նրանց, ովքեր գտնվում են իշխանությունում՝ նրանց ապաքինելու համար»։ Եվ ներկա պահին դժվար է հասկանալ, թե ով կունենա այդ իշխանությունը Իսրայելի սահմաններից դուրս։

Եթե, այնուամենայնիվ, տեղական ղեկավարող մարմին ի հայտ գա, իրավիճակը կարող է հիշեցնել Արեւմտյան ափի շրջանները, որտեղ պաղեստինցի պաշտոնյաները լուծում են քաղաքացիական հարցերը, իսկ իսրայելական զորքերը պատասխանատու են անվտանգության համար։  Սա համաձայնություն է, որից երկար տարիներ դժգոհել են պաղեստինցիները՝ հայտարարելով, որ իսրայելական զորքերը նվաստացնում են իրենց պաշտոնյաներին, որոնց բնակիչները համարում են պնակալեզներ եւ օկուպացիայի գործակալներ։

Զարմացնող է մնում հոկտեմբերի 7-ի իրադարձությունների նշանակության մասին հարցը։ Իսրայելցիները կենտրոնացած են զինյալների կողմից սպանությունների եւ կանանց, երեխաների ու ծերերի առեւանգումների վրա։ Նրանց համար դա բռնության մասին վկայություն է եւ ապացույց, որ ՀԱՄԱՍ-ը պետք է արմատախիլ անել այնպես, ինչպես Իսլամական պետությունը վերացվեց Իրաքից եւ Սիրիայից 2016-17թթ.։

Պաղեստինցիները սրան այլ կերպ են նայում։ Նրանք հակված են այդ հարձակումը դիտարկել որպես հաղթանակ Իսրայելի հանդեպ, ինչի մասին վկայում է Ռամալլահում տեղակայված «Հետազոտությունների եւ զարգացման արաբական աշխարհ» կազմակերպության հարցումը։ Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, երկու պետության ստեղծման որոշման աջակցությունը կտրուկ նվազել է, այն դեպքում, երբ հավատը Պաղեստինի պետության ստեղծման հանդեպ՝ Հորդանան գետից մինչեւ Միջերկրական ծով, ավելացել է։

Հենց այսպիսի տրամադրություններն են իսրայելցիներն անվանում անվտանգության ոլորտում բացառապես սեփական հաշվարկների վրա կենտրոնանալու առիթ՝ չսպասելով որեւէ մեկի համագործակցությանը։