Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում ձերբակալվել է վրացիների մի ավազակախումբ, որն զբաղվում էր ոսկերչական զարդերի գողությամբ, գրել է Le Figaro-ն։
Ավազակները ձերբակալվել են նոյեմբերի 15-ին Ժիրոնդում եւ Թուլուզում, հետաքննության մի քանի շաբաթներից հետո։ Ոստիկանության տվյալներով՝ հինգ օտարերկրացիներ մասնակցել են 36-ից ոչ պակաս գողությունների, որոնք կատարվել են հոկտեմբերի 20-ից մինչեւ նոյեմբերի 15-ը Բորդոյի շրջանում։
Իրավապահների ուշադրությունը գողերը գրավել են այն ավտոմեքենայի հայտնաբերումից հետո, որը գտնվում էր գողության վայրերից մեկում։ Դրանից հետո իրավապահները սկսել են սպասել մեքենայի հայտնվելուն քաղաքում եւ արդեն մի քանի օր անց գտել են մեքենան՝ տեսահսկման համակարգի շնորհիվ։ Քննիչները հետեւել են մեքենայի տեղաշարժին եւ պարզել, որ գողությունները կատարում են հինգ վրացիներ։
«Նրանք շատ արագաշարժ են, քնում են իրենց մեքենաներում եւ կարող են մի երեկոյի ընթացքում մի քանի գողություն կատարել»,- նշել են ժանդարմերիայում։
Ձերբակալման ժամանակ գողերի մոտ գտել են 250 գողացված ոսկերչական իրեր, ինչպես նաեւ համակարգիչներ, հեռախոսներ եւ ակնոցներ։ Մեղադրյալներին կալանքի տակ են վերցրել մինչեւ դեկտեմբերի 21-ը։





























