Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կոկորդիլոսների նախնիները Հյուսիսային Ամերիկայում հայտնվել են մոտ 145 միլիոն տարի առաջ, իսկ հետո մեկ կարևոր հարմարման շնորհիվ տարածվել են աշխարհով մեկ, հայտնում է Naked-science-ը։

Այսօր կոկորդիլոսների  մոտ 30 տեսակ կա, բայց մի ժամանակ դրանք շատ ավելի են եղել: Դրանք շատ բազմազան էին. որոշ տեսակներ հսկա չափսերի էին և հարձակվում էին դինոզավրերի վրա, մյուսները, ընդհակառակը, փոքր էին, արագ ավազ և հավանաբար սնվում էին միջատներով: Ավելին, ժամանակին մոլորակի վրա նույնիսկ խոտակեր կոկորդիլոսներ են ապրել։ Դրանց ատամները ունեին բարդ մորֆոլոգիա, գրեթե նման կաթնասունների ատամներին։ Այս տեսակներից մեկը՝ Simosuchus-ը, որը հեռու նմանություն ուներ ժամանակակից զրահակրի հետ,  ըստ երևույթին, սիրում էր  մրգեր, պալարներ և պտերներ ուտել:

Բազմազանությունը նշան է, որ կոկորդիլոսները և նրանց ազգականները կյանքի տարբեր մոտեցումներ են փորձարկել: Ուստի, դրանց ժամանակակից ժառանգները  նախկին շքեղության միայն մի փոքր մասն են կազմում: Զարմանալի չէ, որ կոկորդիլոսների էվոլյուցիան այդքան բարդ է: Լոնդոնի համալսարանական քոլեջի (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ուսումնասիրել են այս զարմանալի կենդանիների պատմությունը և պարզել, թե որտեղ են նրանք հայտնվել:

Հոդվածը հրապարակվել է Royal Society Open Science ամսագրում։ Դրան նախորդել է մեկ այլ գիտական ​​աշխատություն, մի փոքր ավելի վաղ, Վիտվաթերսրանդի համալսարանի (Հարավային Աֆրիկա) գիտնականների կողմից, որը հրապարակվել է Current Biology ամսագրում։ Այն ցույց է տվել, որ իրար ազգակից կոկորդիլոսներն ու թռչունները գոյատևման տարբեր ռազմավարություններ են օգտագործել ավելի քան 220 միլիոն տարվա ընթացքում:

Կոկորդիլոսների և ալիգատորների նախնիները զարգացել են Հյուսիսային Ամերիկայում, այնուհետև բաժանվել են իրարից: Ալիգատորիդները (այս խմբի մեջ են մտնում ալիգատորները և կայմանները) մնացին իրենց պատմական հայրենիքի սահմաններում՝ տարածվելով Հարավային Ամերիկա, մինչդեռ կոկորդիլոսները տարածվեցին ամբողջ աշխարհում: Դրան նպաստեց աղի ջրին հարմարվելը: Կոկորդիլոսները  հիմա էլ  կարող են ապրել արևադարձային օվկիանոսի ծովածոցերում, մինչդեռ ալիգատորներն ապրում են միայն քաղցրահամ ջրերում: Կոկորդիլոսների մյուս  հետաքրքիր հարմարումը՝ համեմատած ալիգատորիդների հետ, գիտնականներն անվանել են դանդաղ աճ, ինչը նրանց թույլ է տալիս աճի ընթացքում նվազեցնել սննդի  պահանջը։

Նոր աշխատանքները մի շարք լրացուցիչ հարցեր են առաջացնում։ Օրինակ՝ ինչո՞ւ ժամանակակից կոկորդիլոսների նախնիները չեն գոյատևել իրենց հայրենիքում՝ Հյուսիսային Ամերիկայում: Վերջերս Ֆլորիդայում պատահաբար հայտնված Նեղոսի կոկորդիլոսներն  այնտեղ գոյատևելու և, ըստ որոշ գնահատականների, նույնիսկ բազմանալու կարողություն դրսևորեցին: Դրանց մեծ չափսերի պատճառով ալիգատորիդները դժվար թե կարողանային  ուղղակիորեն դրանց դուրս մղել: