«Ներկայումս քաղաքացիական ծառայողների աշխատավարձը մասնավոր հատվածի համեմատ անմրցունակ է, որը հանգեցնում է բարձր որակավորման մասնագետների արտահոսքին դեպի մասնավոր ոլորտ»,- նշված է facebook սոցիալական ցանցում տեղադրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակում:
Facebook-ում ստեղծված քաղծառայողների սոցիալական այս խումբն ունի արդեն 1070 անդամ: Նամակի հեղինակները հիշեցնում են, որ Կայուն զարգացման ծրագրում նախատեսվում էր քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը 2011 թ. հասցնել մինչեւ 184.5 հազ. դրամի, իսկ 2012 թ.` արդեն 208.5 հազ. դրամի: Հիշեցնենք, որ Կայուն զարգացման ծրագիրը կառավարության կողմից հաստատվել է 2008 թ. եւ փոխարինում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին: Ի դեպ` բաց նամակի վերը նշված նախադասությունը վերցված է հենց Կայուն զարգացման ծրագրից:
Սակայն նշենք, որ Կայուն զարգացման ծրագրում 2001 թ. ներդրված քաղծառայության համակարգի նկատմամբ մոտեցումներն ավելի համալիր բնույթ ունեն եւ չեն բավարարվում միայն աշխատավարձի չափով: Օրինակ` նշվել է սոցիալական երաշխքիների տրամադրման, էթիկայի կանոնների ներդրման, վերապատրաստման համակարգի, ատեստավորման համակարգի կատարելագործման մասին, առանց որոնց անհնար է իրականացնել քաղծառայողների աշխատանքի կատարողականի գնահատում: Այս ամենը չկա, իսկ պետական համակարգի աշխատանքի արդյունավետության մասին գնահատականները միանշանակ չեն:
Բաց նամակի հեղինակները պահանջում են քաղծառայողների բազային աշխատավարձը ներկայիս 40 հազ. դրամի փոխարեն սահմանել 65 հազ. դրամ, ինչպես նաեւ վերացնել պետական ապարատում առաջացած աշխատավարձային անհամամասնությունները: Այսպես` նվազագույն աշխատավարձը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում է` 90.6 հազ. դրամ, իսկ առավելագույնը` պետեկամուտների կոմիտեում` 371.7 հազ. դրամ: Տարբերությունը 4 անգամ է: Նշվել են այն գերատեսչությունները, որտեղ լրացուցիչ հատկացումների շնորհիվ միջին աշխատավարձը համեմատաբար բարձր է` ֆինանսների նախարարություն, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, պետական եկամուտների կոմիտե: «Այս հանգամանքը վկայում է քաղաքացիական ծառայողների շրջանում եկամուտների ոչ հավասարաչափ բաշխման մասին»,-նշել են նամակի հեղինակները:
Բաց նամակի հեղինակների հիմնական պահանջը հետեւյալն է. 2012 թ. հունվարի 1-ից սահմանել քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի միասնական չափ` 111 հազ. դրամ:
Ի դեպ` այս առնչությամբ երեկ Ազգային Ժողովում պարզաբանումներ է տվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նա ասել է, որ 2012 թ. բյուջեի նախագծում քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, սակայն մոտ 18 մլրդ դրամ է հատկացվել սոցիալական փաթեթի տեսքով, որ հիմնականում ուղղվելու է ցածր աշխատավարձ ստացող քաղծառայողներին: Ի դեպ` սրան ի պատասխան Facebook-ի օգտատերերից մեկը նշել է, որ 18 մլրդ դրամը լիովին բավարար էր բազային աշխատավարձը 65 հազ. դրամին հասցնելու համար: Ինչ վերաբերում է սոցիալական փաթեթին, ապա գրառումներ կատարածները հիմնականում նշում են, որ դա հազիվ թե իրենց հասնի:
Սամվել Ավագյան



























