Երեւանի պետհամալսարանում, այսօր` հոկտեմբերի 28-ին, մեկնարկել է «ԵՊՀ-ն ընդդեմ ծխախոտի եւ թմրամիջոցների» ծրագիրը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը կարեւորել է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը, քանի որ դրանք նպաստում են առողջ հասարակության ձեւավորմանը։ Ըստ նրա, առողջ ապրելակերպ հասկացությունն անհամատեղելի է ծխախոտի ծխի հետ։ «Մենք՝ բոլոր չծխողներս, պետք է պայքարենք, որպեսզի մեզ շրջապատող միջավայրը ծխից զուրկ լինի։ Ցավոք, այսօր մեր հասարակության շուրջ 64 տոկոսը համարվում է ծխող, ինչը բավականին մեծ թիվ է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ թիվը նվազի, եւ հասարակությունը մաքուր միջավայրում ապրելու հնարավորություն ունենա»,- ասել է Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով, ծխելը խիստ էգոիստական գործողություն է. այն վնասում է ոչ միայն ծխողին, այլեւ շրջապատին։ «Ծխելը խոսում է մարդու թուլության, կախվածության մասին։ Այն հակամարդկային է իր ամբողջ էությամբ, եւ չարաչար սխալվում են այն մարդիկ, որ կարծում են, թե ծխելով իբրեւ թե ցույց են տալիս, թե իրենք առաջադեմ են, ժամանակակից եւ իրավունք ունեն խելոք, խոհեմ մարդկանց համահավասար հանդես գալու։ Համահավասար լինելու միակ ճանապարհը մարդու անձնական կարողություններն են, նրա ուղեղի աշխատանքը, բնավորության գծերը, կամքը եւ խիղճը։ Ծխախոտը ոչ մի դեպքում ոչ մեկին չի գեղեցկացնում։ Ես կոչ եմ անում. ովքեր ծխում են, թողնեն այդ վնասակար սովորությունը, իսկ ովքեր չեն ծխում, երբեք ձեռքը չվերցնեն գլանակը։ Որքան էլ գրավիչ թվա առաջին պահը, դրան հետեւում են անքուն գիշերներ, խեղդող հազ, հիվանդություններ»,- նշել է ԵՊՀ ռեկտորը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը համալսարանի ուսանողներին տեղեկացրել է, որ ծխախոտն ու նրա ծուխը պարունակում են շուրջ 3000 քիմիական միացություններ, որոնցից 60-ը քաղցկեղածին են, հեշտորեն վնասում են բջջանյութին՝ դրանով իսկ քաղցկեղային ուռուցքի աճ առաջացնելով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում ծխողների թիվը հասնում է 1,1 միլիարդի։ Ծխախոտ օգտագործելը կարող է դառնալ շուրջ 500 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ։
Ըստ հետազոտությունների, 2030թ. վեց մարդուց մեկը կդառնա ծխելու զոհը, եւ ծխախոտը կհամարվի մահացության ամենատարածված պատճառը։ «Հայաստանում տղամարդկանց մոտ 70 տոկոսը ծխում է, ծխող կանանց թիվը տարեցտարի աճում է։ Մեր հանրապետությունում ծխախոտի պատճառով տարեկան մահանում է մոտ 3000 մարդ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զարգացող երկրներում ծխախոտի գնի 10 տոկոս աճը կարող է բերել դրա կիրառման 8 տոկոս նվազման։ Թեեւ ծխելը կախվածություն է եւ թմրամոլության տեսակ, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդկանց հաջողվել է թողնել այն։ Կարծում եմ՝ նման միջոցառումները կօգնեն ձեւավորել առողջ հասարակություն»,- եզրափակել է Արուսյակ Պողոսյանը։ «ԵՊՀ-ն ընդդեմ ծխախոտի եւ թմրամիջոցների» խորագրով ծրագրի շրջանակներում կստեղծվեն տեղեկատվական նյութեր։ Համապատասխան պաստառներ կփակցվեն ԵՊՀ լսարաններում, գրադարանի ընթերցասրահներում, ինչպես նաեւ միջանցքների տեսանելի վայրերում, իսկ ուսանողության շրջանում կտարածվեն տեղեկատվական բուկլետներ։ Կանցկացվեն նաեւ սեմինար-քննարկումներ։




























