21-րդ դարի պահանջներն այնպիսին են, որ բոլոր նորմալ երկրներում իշխանությունները պետք է փոխվեն մարդկանց քվեի միջոցով, հերթական երբեմն նաեւ արտահերթ ընտրությունների միջոցով:

Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, Ազատության հրապարակում, ընդդիմության հանհարավաքում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Այն երկրներում, որտեղ մարդկանց ձայնը հաշվի չեն առնում, այնտեղ էլ են իշխանությունները փոխվում: Օրինակները` Բեն Ալին, Մուբարաքը, Քադաֆին:

Այն երկրներում, որտեղ ընդդիմություն չկա, այդ ժամկետները հաշվելն անտրամաբանական է:

Եթե ձմռանը մեկնումեկն ասեր, որ Մոբւարաքին կտապալեն ու կդատեն, նրան կասեին, որ ինքը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Բայց հիմա հակառակն ասողները հիմնավորում են, որ դա պատմական անհրաժեշտություն էր, որ իշխանությունները հաշվի չեն առել մարդկանց կամքը, սոցիալական անարդարություն է եղել, հետապնդումներ»,- նշեց ընդդիմադիր գործիչը:

«Ի՞նչ եղավ այդ երկրներում, կա՞ն այդ պայմանները Հայաստանում, թե` ոչ: Այնտեղ սկսվեց տարերայնորեն, Թունիսում բանջարեղենի մի վաճառող ինքնահրկիզվեց, ու սկսվեց «արաբական գարունը»:

Դա անխուսափելի է նաեւ Հայաստանում, ու դա է պատճառը, որ Հայ ազգային կոնգրեսը, սիրելով երկիրը, չտարավ ցնցումների, փորձեց իշխանությունների հետ երկխոսության գնալ իշխանափոխության համար, բայց իշխանությունները մերժեցին մեր առաջարկը: Այս պարագայում եղբայրս` լուսահոգի Վազգենն ասում էր. «Կանգ առել, հետ նայել է պետք»,- նշեց Արամ Սարգսյանը:

Այնուհետեւ նա իր խոսքն ուղղեց իշխանություններին, նշելով. «Պարոնայք իշխանավորներ, դուք մերժել եք մեզ մեկնված ձեռքը: Օրինակ մենք կգնանք ժողովրդի մոտ, կկանչենք այս հրապարակ, ու ես հավատում եմ, որ այդ օրը շատ հեռու չէ, ու այդ օրը տեղի ունենա ՀԱԿ-ի մինչ այդ կազմակերպված ամենամեծ հանրահավաքը: Ու այդ օրը իշխանությունը կխնդրի երկխոսելու, բայց այստեղ հավաքծները կորոշեն` երկխոսել, թե ոչ»: Ներկաները սկսեցին բացականեչե. «ոչ»: