Գյումրիում, այսօր` հոկտեմբերի 28-ին, բացվել է Տեղական Ժողովրդավարական նոր գործակալություն: Սա Տեղական ժողովրդավարական գործակալությունների ասոցացիայի կողմից թվով երկրորդ գրասենյակն է Հարավային Կովկասում եւ 13-րդը Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի աջակցությամբ հիմնված: Նման գրասենյակների գործունեության նպատակն է տեղական ինքնակառավարման թափանցիկության ապահովումը, քաղաքացիական հասարակության եւ հասարակական սեկտորի իրավունքների պաշտպանության ապահովումը: Գործակալության գրասենյակը բացվել Գյումրիի քաղաքապետարանում, հյուրեր են եղել Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ինչպես նաեւ Վրաստանի Քութայիսի քաղաքից, ուր 5 տարի առաջ բացվել է նման առաջին գրասենյակը:
Ասոցացիայի նախագահի ու անդամների ներկայացմամբ, կառույցն աջակցելու է քաղաքացիական հասարակության եւ տեղական իշխանությունների շփումների զարգացմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը եւ ժողովրդավարության հաստատմանը մեր երկրում: Մինչեւ գրասենյակի հիմնումը ասոցացիայի ներկայացուցիչները ուսումնասիրել ու շատ կարճ, բայց բավականին կոշտ գնահատական են հնչեցրել, թե ինչպիսին է ժողովրդավարության որակը մեր երկրում:
«Եկեք մի փոքր ազնիվ լինենք, Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում Հայաստանում զգացվում է Սովետական շունչը: Տեղական ինքնակառավարումը գրեթե բացակայում է, ամեն ինչ որոշվում է վերեւում, հետո հրահանգ են ստանում քաղաքապետերը ու հրահանգը իջեցնում ժողովրդին: Այդպես էր վիճակը 90-ականներին Բալկաններում, 5 տարի առաջ նաեւ Վրաստանում»,-մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՏԺԳ-ի ասոցացիայի նախագահ Պեր Վինտերը:
Նրա խոսքով, Հայաստանում անելիքները շատ են արդար ու թափանցիկ ընտրություններ ապահովելու եւ լրատվամիջոցների ազատությունների ապահովման հարցերում: Միջոցառմանը մասնակցող ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, թե կառույցը Գյումրիում հիմնելը նպատակ ունի նպաստել մեր հանրապետությունում իշխանության ապակենտրոնացմանը:
Խոսելով մեր երկրում մարդու իրավունքների ոլորտում խնդիրներից ու բացթողումներից, ժողովրդավարական գործակալության ասոցացիայի նախագահը կարեորել է նաեւ մեկ հանգամանք եuս, որ կառույցը որը ստեղծվում է կարեւոր նշանակություն կարող է ունենալ նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման տեսանկյունից:
«Նման գրասենյակի հիմնման միտքը Հայաստանում ծնվել է դեռ 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո, այն բացվում է ԵԽ տեղական ու տարածքային իշխանութունների կոնգրեսի գործանական մասնակցությամբ ու նաեւ ֆինանսավորմամբ»,-շեշտել է Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ֆաբիո Պելեգրինին: Նա նաեւ ասել է, որ Հայաստանում ժողովրդավարության իրավիճակի մասին վերջնական գնահատականը որոշվում է ընտրությունների արդյուքում. «Մենք ընտրությունների ժամանակ մշտադիտարկումներ արել ենք ու տեղյակ ենք ինչպիսին են ընտրությունները Հայստանում, մենք հետեւելու ենք նաեւ դրանց որակին: Տեղյակ ենք այն ռեսուրսներին, որոնք ընտրությունների ժամանակ կիրառում է իշխանությունը, ցավոք այդ ռեսուրսներից մեկը եթերն է, հեռուստատեսությունը, որ չի ապահովում ձեր երկրում հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար»,-ասել է ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահը:
Իսկ ՏԺԳ-ի ասոցացիայի նախագահը հավելել է. «Ձեր երկրի թերություններից մեկն էլ այն է, որ սպասում եք, թե ինչ ճնշում, ինչ հրահանգ պիտի գա Եվրախորհրդից կամ Եվրոպական Միությունից:Պետք է այդ ճնշումը ներսից լինի, ներքեից վերեւ սկզբունքով: Քաղաքացիներն ավելի ակտիվ պետք է լինեն, պետք է հասկանաք, որ բարեփոխում անում եք ձեզ, ձեր երկրի համար, որ քաղաքական գործիչը պետք է ժողովրդին ծառայի, ոչ թե հակառակը եւ քաղաքացին չպիտի ինձ ասի, «Իմ քվեարկել-չքվեարկելը ի՞նչ»:




























