Ռուսաստանցի Դմիտրի Սետրակովը, որը զորակոչից խուսափելու համար եկել էր Հայաստան, վտարվել է Ռուսաստան, նա գտնվում է Հարավային ռազմական օկրուգի ռազմական ոստիկանության տարածաշրջանային վարչությունում, այժմ նրա համար փաստաբան են փնտրում, նշել է «Идите лесом» Թելեգրամ-նախագիծը, որն օգնել է ՌԴ քաղաքացիներին խուսափել զորակոչից։

Դեկտեմբերի 10-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի իրավապաշտպան կազմակերպության Վանաձորի բաժանմունքը տեղեկացրել է, որ Գյումրիում ռուս զինվորականները բերման են ենթարկել ռուսաստանցի Դմիտրի Սետրակովին։ Իրավապաշտպանները նշել են, որ նրա դեմ հարուցվել է զորակոչից խուսափելու եւ ինքնակամ զորամասը լքելու քրեական գործ (ՌԴ Քր.օր. մաս 5, հոդված 337)։

Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը հայտնել է, որ ռուսաստանցին պայմանագրային ծառայող է, որը Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայում մարտական գործողությունների սկսվելուց հետո։ «Идите лесом» նախագիծը նշել  է, որ Դմիտրի Սետրակովը զորակոչվել է 2022թ. սեպտեմբերի 24-ին, 2023թ. ապրիլի 22-ին փախել է զորամասից, իսկ հոկտեմբերի 11-ին մեղայականով հանձնվել է ռազմական ոստիկանությանը Ռուսաստանի տարածքում։ Նշվել է, որ նախագծի աշխատակիցներն օգնել են ռուսաստանցուն թաքնվել զինվորականներից, դուրս գալ երկրից, եւ նոյեմբերի 30-ին նա Երեւանում էր։