Հայաստանը կմասնակից «Expo Osaka – 2025»-ին ամենաբարձր մակարդակով, «Ա» դասի տաղավարով, ինչը  կարտացոլի մեր մեծ հետաքրքրությունը ճապոնական շուկայով։ Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշել է, որ հայկական տաղավարը կներկայացվի չորս գլխավոր ուղղություններով՝ Հայաստանի ժամանակակից կրթական նախագծեր («Թումո», «Արմատ» եւ այլն), բարձր տեխնոլոգիաներ եւ համապատասխան արտադրանք, տուրիզմ (կներկայացվեն Հայաստանի ամենագրավիչ կողմերը), կերակուր եւ գինի։

Նախարարն ավելացրել է, որ տաղավարը հագեցած կլինի բարձրտեխնոլոգիական լուծումներով, այդ թվում արհեստական բանականության եւ թվային այլ լուծումների օգնությամբ, որպեսզի ճապոնական հասարակությանը ցույց տրվեն Հայաստանի լավագույն ձեռքբերումները բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Նա նշել է, որ հայկական տաղավարը գտնվելու է թեմատիկ տաղավարների կողքին, որտեղ ճապոնական ընկերությունները ներկայացնելու են հետաքրքիր լուծումներ։ «Մեզ համար հետաքրքիր է այն տաղավարը, որտեղ ներկայացված կլինեն լավագույն կրթական տեխնոլոգիաները, եւ արդեն պայմանավորվածություն կա համագործակցության մասին։ Մենք մտադիր ենք նաեւ ինտերակտիվ համագործացություն վարել այն տաղավարների հետ, որտեղ ներկայացված կլինեն ռոբոտաշինության եւ անիմացիայի ձեռքբերումները։ Մինչ ցուցահանդեսը նախատեսվում է Ճապոնիա ուղարկել մի քանի հայկական պատվիրակություններ, որպեսզի ընկերությունները կարողանան կապեր հաստատել ճապոնացի գործընկերների հետ»,- ընդգծել է Քերոբյանը։

Նա տեղեկացրել է, որ  ճապոնական շուկայով հետաքրքրվող ընկերությունները, որոնք ցանկանում են մասնակցել, կարող են դիմել էկոնոմիկայի նախարարություն։ Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին պաշտոնյան անվանել է երկրի տնտեսության դիվերսիֆիկացման ապացույց։ «Հայաստանը հետաքրքրված է Ճապոնիայի հետ համագործակցությամբ առեւտրի եւ բարձ տեխնոլոգիաների ոլորտներում՝ հաշվի առնելով այն մեծ պոտենցիալը երկու երկրների հարաբերությունների միջեւ, որը կա։ Մենք սա մեր ներդրումն ենք համարում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»,- ավելացրել է Վահան Քերոբյանը։

Նշենք, որ Expo Osaka – 2025» ցուցահանդեսը տեղի է ունենալու Օսակայում ապրիլի 13-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը։ Նախատեսվում է, որ ցուցահանդես կայցելի մոտ 28 մլն մարդ։