Վայոց Ձորի մարզում այսօր` հոկտեմբերի 29-ին մեկնարկում է «Հայաստանի երրորդ պարային օլիմպիադան»:
Միջազգային պարային մրցույթի կազմակերպման եւ անցկացման իրավունքները 2008թ.-ից պատկանում են «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիային»: Մրցումները անցկացվում են IDO Միջազգային պարային կազմակերպության մրցավարության կանոնների համաձայն շուրջ 30 պարային ուղղություններում:
Այս տարի պարային օլիմպիադան ներկայացնում են «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիան» եւ Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնը: Միջոցառումը կանցկացվի Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը հոկտեմբերի 29-ին` ժողովրդական պարային ուղղություններ, եւ 30-ին` ժամանակակից պարային ուղղություններ: Օլիմպիադան կեզրափակվի հանդիսավոր գալա համերգով եւ մրցանակաբաշխությամբ:
Օլիմպիադային իրենց մասնակցության հայտերն են ներկայացրել Ռուսաստանի, Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի հանրապետության պարային կոլեկտիվներ եւ անհատ կատարողներ, բազմաթիվ կոլեկտիվներ Հայաստանի մարզերից:
ԿԱՀ ասոցիացիայից հայտնում են, որ առաջնության գլխավոր մրցավարն է Համառուսաստանյան պարային կազմակերպության նախագահ, Միջազգային պարային կազմակերպության փոխնախագահ Անդրեյ Կոկոուլինը, Միջազգային կարգի մրցավարներ արտերկրից եւ Հայաստանի հանրապետությունից:




























