ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը: Այցի նպատակն է քննարկել հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները ու հնարավորությունները, ինչպես նաև «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ի և «Մոգիլյովլիֆտմաշ»  ԲԲԸ-ի միջև վերելակային սարքավորումների համատեղ արտադրության խնդիրները, հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։ 

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում երկու կողմերը խոսել են հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության, տարբեր ոլորտներում ձևավորված հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությունների, համագործակցության ընդլայնման հնարավորությունների, տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային, զբոսաշրջային ներուժի հիման վրա համատեղ ծրագրերի իրականացման մասին:

Բարձր գնահատելով փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները՝ կողմերը վստահություն են հայտնել, որ անհրաժեշտ է ամրապնդել փոխգործակցային կապերը, դրանք համալրել նոր նախաձեռնություններով:

Նշվել է, որ արդեն կան հեռանկարային համագործակցության հիմքեր. Եղեգնաձոր քաղաքում գործող «Ռաֆէլգրիգ»  ՓԲԸ-ի և Մոգիլյով մարզում գործող «Մոգիլյովլիֆտմաշ»  ԲԲԸ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն վերելակային սարքավորումների համատեղ արտադրության շուրջ:

Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը, Հայաստանում Բելառուսի Հանրապետության լիազոր և արտակարգ դեսպան Ն. Գ. Ալեքսանդր Կոնյուկը, պատվիրակության մյուս անդամներն այցելեցին «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ:

Ընկերության ղեկավարությունը հանդիսավոր կերպով ընդունել է բարձրաստիճան հյուրերին, որոնք տեղում ծանոթացել են ընկերության աշխատանքին, հնարավորություններին, ապա ստորագրել համագործակցության պայմանագիր:

Կողմերը հույս են հայտնել, որ նմանատիպ նախաձեռնությունները նոր խթան կհանդիսանան համագործակցային կապերի ընդլայնման առումով՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և տարածաշրջանային կապերի ամրապնդման ու զարգացման: