Մենք արտահերթ ընտրություններից չենք խուսափում և եթե տեսնենք՝ իրավիճակն այնպիսին է, որ քաղաքը կամ երևանցին տուժում է մեր ոչ արդյունավետ կամ իրար նկատմամբ ոչ հանդուրժող լինելու հետևանքով, միշտ մեթոդներն ու միջոցները կան, այդ առումով արտահերթ ընտրությունները չեն բացառվում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ չնայած տարաձայնություններին՝ նույնիսկ դժվար որոշումներն ընդունվում են:
«Իրականում շատ կարևոր որոշումներ են կայացվել Երևան քաղաքի համար, շրջադարձային որոշումներ են կայացվել, և բյուջեն էլ շատ հավակնոտ է, սեփական եկամուտներն էլ էականորեն, շեշտակի են աճել: Կարծում եմ՝ 1 տարվա ընթացքում Երևան քաղաքի բյուջեն՝ սեփական եկամուտները, այս ծավալի երբևէ չէր աճել, և դա նաև նշանակում է, որ մենք ահռելի մեծ ծավալի աշխատանք ունենք և՛ հավաքագրումների, և՛ ծախսերն իրականացնելու ու արդյունավետ իրականացնելու մասով: Մեր սեփական եկամուտները 39 միլիարդից դարձել են 68 միլիարդ»,- ասաց Ավինյանը:
Նա ընդգծեց, որ քաղաքապետարանի սեփական եկամուտները մոտավորապես 39 միլիարդից դարձել է 68 միլիարդ դրամ:




























