Կառավարության առաջարկած հարկային փոփոխությունների նոր փաթեթը ոչ թե կփոքրացնի ստվերը, այլ նոր ստվեր կառաջացնի: Այսօր` նոյեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա նաեւ ներկայացրեց հարկային փաթեթի վերաբերյալ որոշ մանրամասներ: Նշենք, որ հարկային փաթեթում ընդգրկված նախագծերը կառավարության նիստում հավանություն են արժանացել հոկտեմբերի 27-ին, որից հետո կառավարության պաշտոնական կայքէջում մի քանի րոպե տեղադրվելուց հետո անհայտ պատճառներով հանվել են:
Ներկայացնում ենք հարկային փոփոխությունների փաթեթը ըստ Վ. Սաֆարյանի ներկայացման.
- Ավելացվում է սոցվճարների նվազագույն շեմը` 7 հազ. դրամից մինչեւ 9 հազ. դրամ: Ներ է դրվելու նաեւ հարկման պրոգրեսիվ սանդղակ:
- Գինու, կոնյակի, գարեջրի, սպիրտի ակցիզները հավասարեցվել են տեղական արտադրողների եւ ներմուծողների համար:
- Ներմուծվում է շքեղության հարկ` մինչեւ 3 տարվա 200 ձիաուժից ավելի հզորության մեքենաների համար սահմանվում է լրացուցիչ տուրք` 1 ձիաուժի համար 5 հազ. դրամի չափով:
- Մանրածախ առեւտրի օբյեկտներում մեծ տարածքներ զբաղեցնող սուբյեկտները, օրինակ` սուպերմարկետները, կհարկվեն լրացուցիչ:
- Ավելացվում է հարկային իրավախախտումների դեպքում տույժն ու տուգանքը, նախկին 150 հազ. դրամի փոխարեն` 300 հազ. դրամ, կրկնվելու դեպքում` 600 հազ. դրամ:
- Անհատ ձեռներեցները կպարտավորվեն 3 մլն դրամից ավելի բոլոր գործարքներն իրականացնել փոխանցումով:



























