Երեւանի Պատմության թանգարանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին եւ Երեւան քաղաքի օրվանը նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը:

«Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ իրենց ազատ ժամանակը նվիրում են նամականիշերի ուսումնասիրմանը, որոնք հանդիսանում են ոչ միայն որպես հավաքածու, այլեւ որպես յուրօրինակ փաստաթուղթ, որը վկայում է պատմական իրադարձությունների, ազգային առանձնահատկությունների եւ պետականպատկանելիության մասին: Ֆիլատելիայի լեզուն միջազգային լեզու է, որը թույլ է տալիս ստեղծագործական արվեստը համեստ եւ մատչելի ձեւով հասցնել ժողովրդի ամենալայն զանգվածներին եւ ընդլայնել ոչ միայն ֆիլատելիստների մտահորիզոնը, այլեւ բոլոր նրանց, ովքեր սիրում են նամակներ գրել եւ ստանալ: Նամականիշը պատմության, աշխարհագրության, էկոլոգիայի, կենդանական եւ բուսական աշխարհի, գիտության, տեխնիկայի եւ գիտելիքների յուրօրինակ աղբյուր է, որը, հատելով ժամանակի եւ տարածության սահմանները, դառնում է մարդկանց հոգեւոր եւ մշակութային շփման միջոց», - ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

«Հայկական ֆիլատելիան ունի հարուստ եւ  բարի ավանդույթներ, եւ նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը կենսական նշանակություն ունի ազգային ֆիլատելիան ճանաչելի դարձնելու եւ նոր բարձունքների հասցնելու համար: Համոզված եմ, որ ցուցահանդեսի օրերը կանցնեն բովանդակալից եվ արդյունավետ: Առիթից օգտվելով ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ցուցահանդեսի հովանավորներին ազգային ֆիլատելիայի նկատմամբ իրենց ուշադրության համար», - ասել է Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար, ցուցահանդեսի կազմկոմիտեի նապագահ Մանուկ Վարդանյանը, այլ պաշտոնատար անձինք եւ պատվավոր հյուրեր: