Երեւանում, նոյեմբերի 1-ին, ժամը 19-ին, «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում կկայանա «Կիզակետում» մանկական աշխատանքների լուսանկարչական ցուցահանդեսը: Կներկայացվեն Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի 20 երեխաների լուսանկարներ, ովքեր այս տարվա ամռան եւ աշնան ամիսներին մասնակցել են COAF Մանուկների բարեգործական հիմնադրամի «Կիզկետում» լուսանկարչական նախագծին: Նախագծի մտահղացման հեղինակն ու համակարգողը, ինչպես նաեւ ցուցահանդեսի համադրողն է ԱՄՆ-ում բնակվող արվեստի պատմաբան Օքսանա Միրզոյանը: Ցուցադրությունը բաց է մինչեւ նոյեմբերի 3-ը:
«Կիզակետում»-ը արվեստագիտական նախագիծ է, որը սակայն իրականացվել է հասարակական մի շարք խնդիրներ հասցեագրելու մտայնությամբ: Երեխաներին տրամադրելով թվային պարզ լուսանկարչական խցիկներ` նախագիծը ոչ միայն ընձեռել է նրանց լուսանկարչական տարրական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն, այլեւ հատուկ թեմատիկ առաջադրանքներ հանձնարարելու եւ պարբերաբար անցկացվող խմբակային քննարկումների միջոցով` փորձել է նպաստել շրջապատող աշխարհն աչալուրջ ու քննախույզ հայացքով նկատելու երեխաների կարողությունների զարգացմանը:
Չորս ամիս տեւած նախագծի շրջանակներում, երեխաներին ամեն շաբաթ հանձնարարվել են թեմաներ, ինչպիսիք են, օրինակ, «պլաստիկ պայուսակներ եւ աղբ» առաջադրանքը, որոնց միջոցով նախագիծը փորձել է երեխաների մոտ ձեւավորել ու զարգացնել հասարակական ու բնապահպանական տարբեր հարցերի վերաբերվող գիտակցություն ու զգոնություն:
«Լուսանկարչական խցիկը որպես աշխարհը սեփական դիտանկյունից պատկերելու ու փոփոխություն ներմուծելու գործիք», - նախագծի գաղափարական հենքը պարզաբանում է մտաղացման հեղինակ Օքսանա Միրզոյանը, ով ծնվել է Բաքվում 1984 թվականին, այնուհետեւ` Սումգաիթի ջարդերի հետեւանքով, տեղափոխվել է Հայաստան, ապա` Ռուսաստան, ապա` ԱՄՆ: Ռուզաննա Միրզոյանը բակալավրի իր կոչումը ստացել է Միչիգանի համալսարանի Արվեստի պատմության ֆակուլտետում, նկարահանվել է անկախ կինոյում, գրում, նկարահանում եւ բեմադրում է գեղարվեստաէքսպերիմենտալ կարճամետրաժ կինոնկարներ ու երաժշտական հոլովակներ: Այժմ նախնական փուլում են նրա եղինակած երկու կինոնկարները` «140 դրամ»-ը եւ «Մոլորված»-ը, որ Միրզոյանը պատրաստվում է նկարահանել Երեւանում:




























