Հայաստանում Ֆրանսիական համալսարանը մտադիր չէ վերականգնել հեռացված դասախոսներին նախկին պաշտոններում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին համալսարանից հեռացված, ապա` դատարան դիմած դասախոսները, որոնք, ըստ դատարանի որոշման, պետք է վերականգնվեն նախկին պաշտոններում: «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի որոշ աշխատակիցների կողմից նախաձեռնվեցին հանդիպումներ` հեռացված դասախոսների վերականգման կազմակերպչական հարցերը քննարկելու կապակցությամբ, սակայն պարզ է դարձել, որ համալսարանն իրականում մտադրություն չունի վերականգնելու նրան:

Համալսարանը պարտադրում է վերականգնված դասախոսներին մասնագիտական որակավորումն ու մակարդակը պարզելու նպատակով հանձնել քննություն` հայտարարելով, որ միայն դրանից հետո կթույլատրի մուտք գործել լսարան: Վերականգնված դասախոսները գրավոր դիմել են համալսարանին հայտնելով, որ` «դատարանի վճռի համաձայն մենք վերականգնվել ենք զբաղեցրած նախկին պաշտոններում: Մենք դասախոսներ ենք եւ մեր գործառույթները կարող ենք իրականացնել լսարանում դասավանդելու միջոցով: Հիմնադրամի կողմից քննություն անցնելու նախապայման դնելը եւ փաստացի չվերականգնելը հակասում է վճռի պատվիրանին:

Ավելին, այս գործողությամբ Հիմնադրամը խախտում է մեր` ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով երաշխավորված իրավունքները: ... Հիմնադրամը վերջին հինգ տարիներին համալսարանի դասախոսների համար քննություններ չի կազմակերպել եւ չի անցկացրել, ինչը ուղղակիորեն խոսում է մեր նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին: Իսկ, մյուս դասախոսներից մենք տարբերվում ենք նրանով, որ «հանդգնել ենք» դատարան դիմել Հիմնադրամի դեմ»,- նշել են դասախոսները: Դասախոսների կարծիքով համալսարանն ամեն ինչ անելու է, որ իրենց կրկին հեռացնեն, քանի որ չեն համակերպվում դատարանի վճռով իրենց վերականգվնելու փաստի հետ: Նրանց փոխանցմամբ` համալսարանը վճարել է միայն արձակուրդների գումարները, իսկ պարապուրդների գումարները չի վճարել: Պարապուրդների գումարները վճարել է միայն այն վերականգնված դասախոսներին, ովքեր դիմում են ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին:

Նշենք, որ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ԵԱՔԴ/2034/02/10 քաղաքացիական գործով 11.05.2011թ. վճռի համաձայն որոշվել է  Անահիտ Հակոբյանին, Լիլիթ Չիտչյանին, Մարատ Ավտոմյանին, Արմեն Եզեկյանին, Հերմինե Ահարոնյանին, Վարդան Ավետիքյանին, Գայանե Հակոբյանին, Տաթեւիկ Սարուխանյանին, Լիլիա Դիլանյանին, Նարինե Կոխտիեւային, Հայկանուշ Մխիթարյանին, Շուշանիկ Պետրոսյանին վերականգնել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում զբաղեցրած նախկին պաշտոններում, հօգուտ նրանց` բռնագանձել միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ պակաս վճարված արձակուրդների գումարները: Վճիռը մտել է սեպտեմբերի 22-ից: