Բաշկիր ակտիվիստ եւ Քուշթաու լեռան պաշտպան Ֆաիլ Ալսինովի դատավճռի կայացման նախօրեին հանրապետությունում իրականացվում են նրա կողմնակիցների զանգվածային ձերբակալություններ։ Երկրի տարբեր շրջաններում ձերբակալվել են«Բաշկորտ» կազմակերպության նախկին նախագահ Իլնար Գալինը, Քուշթաուի ակտիվիստներ Յուլայ Արալբաեւը, Ռաֆայիլ Աբդռահմանովը, Ֆանզիլ Ահմեթշինը, տեղեկացրել է «Ազատություն» ռադիոն հունվարի 16-ին։

Որոշ ձերբակալվածներ տարվել են ԱԴԾ հանրապետական վարչություն՝ հարցաքննության։ Մի քանի ակտիվիստների ձերբակալման մասին տեղեկացրել է նաեւ RusNews Թելեգրամ-ալիքը։

Նույն օրը Բաշկորտոստանի ՆԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է հանրահավաքներին մասնակցության պատասխանատվության մասին եւ կոչ է արել չտրվել սոցցանցերում տեղադրվող կոչերին հունվարի 17-ի դատից առաջ։ «Пруфы.ру» պարբերականի տեղեկացմամբ՝ դատարանի շենքի առջեւ ձյան կույտ են ստեղծել, որի վրա ելույթ են ունեցել ցուցարարները։