«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 1-ին, Աջափնյակ համայնքում հանդիսավոր պայմաններում վերաբացվել է թիվ 0078 փոստային բաժանմունքը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Հայփոստի» մամուլի ծառայությունից, արարողությանը ներկա էին Աջափնյակ համայնքի թաղապետի տեղակալ Հայկ Աբելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը: Թաղամասի որոշ բնակիչներ եւս եկել են մասնակցելու բացման արարողությանը:
«Հայփոստ» ՓԲԸ Կոմերցիոն զարգացման տնօրեն Նարինե Սեֆերյանը նշել է, որ բաժանմունքը թվով 14-րդ վերաբացված գրասենյակն է, որտեղ հաճախորդներին առաջարկվում են կոմերցիոն նոր ծառայություններ եւ որակյալ սպասարկում:
Ամբողջությամբ նորոգվել եւ նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը:
Հիշեցնենք, որ առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների եւ մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին:




























