Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Աֆղանստանում ՌԴ քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռի կործանման փաստով։ Այս մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդման մեջ։

Նշվում է, որ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 263 հոդվածի 3 մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որն անզգուշորեն հանգեցրել է երկու կամ ավելի մարդկանց մահվան):

««Ռոսավիացիայի» տվյալներով, ինքնաթիռը սանիտարական  չարտերային թռիչք էր կատարում Գայա (Հնդկաստան) - Տաշքենդ (Ուզբեկստան) - Ժուկովսկի (Ռուսաստան) երթուղով: Ըստ նախնական տեղեկությունների՝ օդանավում եղել է վեց մարդ, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիներ»,- ասվում է հաղորդման մեջ։

Նշվում է, որ ՌԴ Քննչական կոմիտեն, նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ, կկազմակերպի քննչական համալիր գործողություններ՝ ուղղված դեպքի բոլոր հանգամանքները պարզելուն։