ԱՄՆ վարչակարգը, ի տարբերություն հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու գործընթացին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում շտապողականությունը չի խրախուսում։ Նոյեմբերի 5-ին «Հայ-թուրքական դիվանագիտությունը և Լեռնային Ղարաբաղը. Համաձայնությո՞ւն, թե՞՝ ոչ» թեմայով սեմինարի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։ Ըստ նրա՝ դեկտեմբերի 1-2 Աթենքում նախատեսվող Սարգսյան-Ալիեւ հանդիպման ընթացքում ամենայն հավանականությամբ ԼՂ կարգավորման շուրջ նոր ձեռքբերումներ չեն լինի։ «Կողմերը, թերեւս, փորձեն ձևակերպել ԼՂ հարցում մինչև այժմ եղած ձեռբերումները»,- նշեց փորձագետը՝ նկատելով, որ չնայած ԼՂ հարցում ակտիվություն դրսևորող Թուրքիայի մեծ ցանկությանը, կողմերի համար շտապողականության շարժառիթները քիչ են։ «Չնայած Թուրքիայի գործադրած հսկայական ջանքերին, հայ-թուրքական արձանագրություններից դուրս մնաց Լեռնային Ղարաբաղի հարցը, և երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայացված տերությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, քաջ գիտակցում են, որ այս հարցում շտապողականությունը դրական արդյունք չի տա»,- ասաց փորձագետը։

Ռ. Կիրակոսյանի համոզմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար լավագույն ձևաչափը Մինսկի խումբն է, որը, սակայն, մեծ թերություն ունի։ Մինսկի խմբում ներկայացված չէ հակամարտության հիմնական կողմը՝ Լեռնային Ղարաբաղը։ «Իռլանդիայից մինչև Պաղեստին հակամարտող կողմերը ներկայացված են բանակցություններում, սակայն Մինսկի խմբում առկա է այդ լուրջ թերությունը, որը պետք է լուծվի»,-ընդգծեց Ռ. Կիրակոսյանը՝ նկատելով, որ Մինսկի խմբի անդամ համանախագահների փոփոխությամբ այն որակական աստիճան է ձեռք բերել։ Ռոբերտ Բրադկեին միայն Մինսկի խմբում գործելու լիազորություններ տալով, Միացյալ նահանգները ցույց է տալիս, որ չափազանց կարեւորում է ԼՂ հիմնահարցի լուծումը։ Նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, բացի համանախագահի պաշտոնից նաև ԱՄՆ Պետքարտուղարության Հարավային Կովկասի գործերով պատասխանատուն էր։

Ըստ Ռ. Կիրակոսյանի՝ ռազմականացված տարածաշրջանում հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծել, քանի որ վերսկսման դեպքում այն կործանարար կլինի Հարավային Կովկասի համար։ Տարածաշրջանում ամենահզոր պաշտպանական զինված ուժերը Հայաստանինն է, սակայն Ադրբեջանը միջոցներ չի խնայում նոր զինատեսակներ գնելու համար։ «Պատերազմի վերսկսումը բավական հնարավոր կարող է թվալ, եթե հաշվի առնենք այն, թե ովքեր են ղեկավարում Ադրբեջանը։ Նրանց կարելի է համեմատել վրացական իշխանության հետ. Հարավային Օսիայի հետ պատերազմի վերսկսումը չնայած չէր ենթարկվում ցանկացած տրամաբանության, այնուամենայնիվ վրացիները սկսեցին և ջախջախվեցին։ Անշուշտ, ադրբեջանցիների դեպքում նույնը կլինի, բայց չի կարելի վստահ լինել, որ նրանք այնուամենայնիվ կկարողանան սառը դատողություն դրսևորել»,-նկատեց փորձագետը՝ նշելով, որ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի իշխանություններին վստահությամբ չեն վերաբերում։ Ըստ Ռ. Կիրակոսյանի, Հայաստանի զինված ուժերում արդեն զգալի բարեփոխումներ են կատարվում, որի շնորհիվ այն շարունակում է մնալ տարածաշրջանում ամենամարտունակ ուժը։ Նրա խոսքով, Ադրբեջանը պատերազմում հաջողություն գրանցելու համար պետք է 10-12 տարի պատրաստվի, իսկ այսօր հարձակվելու դեպքում, այդ երկիրը միանշանակ պարտություն կկրի։