Յամալո-Նենեց ինքնավար շրջանի թիվ 3 ուղղիչ գաղութի (ԻԿ-3) «Բևեռային գայլ» ղեկավարությունը ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին կրկին պատժախուց է ուղարկել։ Ինչպես երկուշաբթի օրը՝ հունվարի 22-ին, հայտնել են Նավալնիի համախոհները, քաղաքական գործիչը դատապարտվել է 10 օրվա պատժախցի, քանի որ, ըստ գաղութի վարչակազմի, նա «սխալ է ներկայացրել իրեն»։
Սա երկրորդ դեպքն է, երբ Նավալնին ուղարկվում է Յամալի գաղութի պատժախուց, որտեղ նրան տեղափոխել են 2023 թվականի դեկտեմբերի կեսերին։ Առաջին անգամ վարչակազմը հունվարի 9-ին նրան յոթ օրով տեղավորեց պատժախուց՝ հայտարարելով, որ «դատապարտյալ Նավալնին հրաժարվել է պատշաճ ձևով ներկայանալ, չի արձագանքել դաստիարակչական աշխատանքին և իր համար պատշաճ եզրակացություններ չի արել»։
Ազատազրկման ընթացքում ընդդիմադիրը 25-րդ անգամ է հայտնվում պատժախցում. «Ընդհանուր ժամկետը 283 օր է»,- գրում են Նավալնիի գործընկերները Telegram-ի ալիքում։





























