Ընդդիմադիր Պահպանողական ժողովրդական կուսակցության (EKRE) խորհրդարանական խմբակցությունը պահանջում է փակել կառավարության, տարբեր նախարարությունների եւ դրանց ենթակա գերատեսչությունների կայքերի ռուսալեզու տարբերակները, տեղեկացրել է էստոնական ERR հեռուստառադիոհեռարձակման պորտալը։
«EKRE խմբակցությունը խորհրդարանին է հանձնել որոշման նախագիծ, որի համաձայն՝ խորհրդարանը պետք է դիմի կառավարությանը նախարարությունների եւ դրանց ենթակա հաստատությունների կայքերի ռուսալեզու տարբերակների փակման պաշտոնական պահանջով»,- նշվել է հաղորդագրությունում։
Նշյալ խմբակցության պատգամավոր Յաակ Վալգեի խոսքով՝ Էստոնիայում ռուսալեզու կայքեր ներկայում ունեն բոլոր 11 նախարարությունները եւ մյուս գերատեսչական հաստատությունների ավելի քան կեսը։ «Կառավարությունը պարտավոր է լինելու փակել այդ ռուսալեզու կայքերը»,- ERR-ին ասել է պատգամավորը։
Նրա տվյալներով՝ պաշտոնական կայքերի ռուսալեզու տարբերակներ չունեն ոչ Լատվիայի, ոչ Լիտվայի կառավարությունները, իսկ Էստոնիան ԵՄ միակ երկիրն է, որը պահպանել է այդ պրակտիկան։
«Բացի Էստոնիայից, նման կայքերի ռուսալեզու տարբերակներ ունեն միայն Մոլդովան, Հայաստանը եւ Բելառուսը։ Դա մեզ նմանեցնում է ԱՊՀ մշակութային եւ քաղաքական տարածքի մի մասին։ EKRE-ն ցանկանում է վերջ դնել այս վիճակին»,- ընդգծել է Վալգեն։





























