Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 2-ին, կառավարությունում ընդունել է Բելառուսի ԱԳ փոխնախարար Իգոր Պետրիշենկոյին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը կարեւորել է մեր երկրի համար բարեկամ եւ եղբայրական Հանրապետության՝ Բելառուսի հետ կապերի հետագա զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաեւ համատեղ նոր ծրագրերի իրականացումը:
Իգոր Պետրիշենկոն Տիգրան Սարգսյանին է փոխանցել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի ջերմ ողջույնները, այնուհետեւ ներկայացրել երկկողմ ծրագրերի ընթացքն ու հետագա գործընթացները:
Երկուստեք նշվել է, որ հայ-բելառուսական առեւտրաշրջանառության մակարդակը եւ համատեղ նախագծերի ներկայիս քանակը չեն համապատասխանում երկու բարեկամ պետությունների միջեւ առկա հնարավորություններին: Այս համատեքստում, Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա առաջին կիսամյակում նախատեսվում է անցկացնել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում կկազմակերպվի նաեւ բիզնես ֆորում, ինչը կխթանի Հայաստանի եւ Բելառուսի գործարար հատվածների միջեւ համագործակցության զարգացումն ու համատեղ նոր ծրագրերի իրականացումը:
Իգոր Պետրիշենկոն հավաստիացրել է, որ իրենք պատրաստ են հայ գործարարների համար ապահովել բարենպաստ պայմաններ՝ Բելառուսում ներդրումների իրականացման համար: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ երկու պետությունների միջմարզային հարաբերությունների զարգացման, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման, մեքենաշինության եւ այլ ոլորտներում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:




























