Մալիում ոսկու արդյունահանման վայրում թունելի փլուզման հետևանքով 73 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Ըստ Կանգաբա քաղաքի ոսկու արդյունահանողների ներկայացուցիչ Ումար Սիդիբեի, փլուզման պահին տեղում գտնվել է ավելի քան 200 հանքագործ։ «Որոնումն ավարտվել է. Մենք գտել ենք 73 դի»,- ասել է նա՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ։

Մալիի հանքարդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով հանքափորների մահվան մասին՝ չնշելով դիակների թիվը։ Մալին ոսկու արտադրությամբ Աֆրիկայում առաջին տեղն է զբաղեցնում։