Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան հրամանագիր է ստորագրել օտարերկրացի բանտարկյալների արտահանձնման մասին, որոնք պահվում են տեղի բանտերում՝ երկրում անվտանգության ոլորտում տիրող ճգնաժամի ֆոնին։ Այս մասին տեղեկացրել է Primicias ինտերնետ-պարբերականը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ազգային ծառայությանը, որը զբաղվում է պատիժ կրող չափահաս եւ անչափահաս իրավախախտներով, հանձնարարվում է անհրաժեշտ վարչական միջոցառումներ իրականացնել օտարերկրացիների վտարման համար, որոնք բանտարկված են Էկվադորում, որպեսզի նրանք շարունակեն պատիժը կրել ծագման կամ իրենց քաղաքացիության երկրում»,- պորտալը մեջբերում է կատարել հրամանագրից։
2022թ. պաշտոնական տվյալների համաձայն՝ Էկվադորի բանտերում պահվում է 3 245 օտարերկրացի, բանտարկյալների ընդհանուր թիվը գերազանցել է 31 հազարը։
Էկվադորում անվտանգության հետ կապված իրավիճակը սրվել է հունվարի 7-ին՝ բանտից «Լոս-Չոներոս» հանցախմբի պարագլխի (մականունը՝ Ֆիտո) փախուստից հետո։




























