Հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեր օրենսդրությունը բավականին բարձր մակարդակի վրա է: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայհեղինակ» հ/կ նախագահ Սուսաննա Ներսիսյանը` հավելելով, որ օրենսդրությունը 3 անգամ վերանայվել է: «Քանի որ ոլորտն առնչվում է արվեստի, գրականության եւ գիտության հետ, իսկ այդ ոլորտը անծայր է, ավելանում են օբյեկտները, օգտագործման ձեւերը, ապա օրենսդրական դաշտը պետք է լինի ամենաճկունը եւ ամենադինամիկը»,- նշեց նա:
Ամենաշատը թույլ տրվող խախտումներից նա առանձնացրեց այն, երբ տարբեր խանութներում հնչում է երաժշտություն, որի համար, նրա խոսքով, թույլտվությունը պարտադիր է: Ըստ Ս. Ներսիսյանի, օգտագործվող ֆոնային երաժշտության համար տվյալ կազմակերպությունը, օրինակ` խանութը պետք է պայմանագիր կնքի «Հայհեղինակի» հետ, վճարի որոշակի գումար եւ ստանա լիցենզիա այդ երաժշտությունները հրապարակելու համար: Այս առումով, նրա կարծիքով, մենք շատ անելիք ունենք: «Խանութը նախապես պետք է ունենա թույլտվություն հնչող երաժշտության համար, կարեւոր չէ` հայ, թե արտասահմանյան հեղինակի գործ է հնչում»,- նշեց Սուսաննա Ներսիսյանը` շեշտելով, որ նույն սկզբունքն է նաեւ ցուցադրվող ֆիլմերի դեպքերում օգտագործվող երաժշտության համար, «եթե չկա թույլտվություն, կա խախտում»:
«Հայհեղինակ» հ/կ նախագահը նշեց, որ 90-ականններին հեղինակային իրավունքների խախտումների դեպքերը քիչ էին, որովհետեւ օգտագործման ձեւերն էին քիչ, իսկ այժմ ինչքան ավելանում են օգտագործողները եւ օգտագործման ձեւերը, ապա այդքան ավելանում են խախտումները: Սուսաննա Ներսիսյանը չներկայացրեց վիճակագրություն, թե քանի անձ է իրենց դիմել հեղինակային իրավունքի խախտման համար, սակայն փաստեց, որ այդ մարդկանց թիվը տարեցտարի ավելանում է: Օրինակ` եթե 2001թ «Հայհեղինակի» հեղինակային վարձատրությունը կազմել է 4մլն դրամ, ապա այժմ այն գերազանցում է 80 մլն դրամը:




























