Չնայած 2010թ ընդունվել է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային, մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքը, սակայն մինչեւ օրս չկան դրոշմապիտակները: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայհեղինակ» հ/կ նախագահ Սուսաննա Ներսիսյանը:
Նա նշեց, որ վերարտադրության իրավունքի խախտումը մեր երկրում 90 տոկոսից բարձր էր, պետությունը պետք է քայլ աներ եւ արեց: «Ընդունվեց «Դրոշմապիտակների մասին» օրենքը, որոշվեց, որ ամեն մի կրիչի վրա պետք է լինի դրոշմապիտակ, դա կնշանակի, որ արտադրանքը օրինական է: Օրենքը ընդունվեց, մտավ ուժի մեջ, սակայն այն մինչ օրս չի գործում»,- նշեց նա` հավելելով, որ:վերարտադրության եւ բազմացման խնդիրներով զբաղվող ընկերությունները դիմում էին «Հայհեղինակին»` պատրաստակամաությամբ աշխատելու օրինական դաշտում, սակայն մինչ օրս այդ դրոշմապիտակները պատրաստ չեն. «Չեմ կարող հասկանալ պատճառը, ես որքանով տեղեկացված եմ` դա հարկային մարմինների վար է դրված: Ընկերությունները դիմում են հարկային մարմիններին, սակայն չեն ստանում դրական պատասխաններ: Ինչու՞ մինչեւ օրս, երբ օրենքը գործում է, ֆիրմաները դիմում են հարկային մարմիններին, բայց չեն ստանում այդ դրոշմապիտակները, որպեսզի աշխատեն օրինական դաշտում, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի` որ կրիչն է օրինական, որը` ոչ»,- նշեց «Հայհեղինակի» ղեկավարը:




























