Մոսկվայում, նոյեմբերի 1-5-ին անցկացվող «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնության կանանց մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Բադալյանը հաջող ելույթներ ունենալով գրավել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի:
63 կգ քաշային մարզուհին էջմիածինցի է, սովորում է Մոսկվայում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աշխարհի առաջնության տղամարդկանց մրցապայքարում Հայաստանից մասնակցում է 60 կիլոգրամ քաշային Մեսրոպ Մկրտչյանը:
Մրցումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ «Ունիվերսալ մարտերը» /կրճատ՝ Ունիմարտ/ երիտասարդ մարզաձեւ է, ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, սակայն արագորեն տարածում է գտնում եւ արդեն անց են կացվում Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ ու մի շարք միջազգային մրցաշարեր:
«Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձեւի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, հրաձգություն` օդամղիչ ատրճանակից եւ ձեռնամարտ:
Գոյություն ունի նաեւ «Ձմեռային ունիվերսալ մարտեր», ուր ներառված է նաեւ դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա:

























