Այս փուլում ԵԱՏՄ-ի առաջնահերթ խնդիրներից պետք է դիտարկել արդյունաբերական համագործակցության ամրապնդումը, նոր բիզնես կապերի ստեղծումը, թվային ծառայությունների միջսահմանային առևտրի հաստատումը և տվյալների փոխանակումը։ Այս մասին Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ԵԱՏՄ միասնական թվային տարածքի զարգացման ինստիտուցիոնալ միջավայրն արդեն գոյություն ունի։
«Սակայն, մեր կարծիքով,անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման ընդհանուր գործընթացների պատշաճ գործունեության ապահովումը, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի փուլային անցումը դեպի թվային հարթակի վրա փոխգործակցության ավելի ժամանակակից և արդյունավետ մոդելի առանձին քննարկում և մանրամասն ուսումնասիրություն կպահանջի»,- նշել է Փաշինյանը։
«Բիզնեսի համար օգուտներն ու առավելությունները վերծանելու հետ մեկտեղ մեր պետությունների քաղաքացիները պետք է զգան նաև ԵԱՏՄ-ում իրականացվող ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները»,- ասաց Փաշինյանը։





























