Հակաահաբեկչական ոստիկանությունը հետաքննում է ռումբի պայթյունը Հունաստանի աշխատանքի նախարարության շենքի մոտ, Աթենքի կենտրոնական Ստադիու փողոցում, տեղեկացրել է Kathimerini-ն։

Ոստիկանությունը եւ հրշեջները օղակել են շրջանը։ Պայթուցիկ սարքը պայթել է տեղի ժամանակով ժամը 01.29-ին։ Շենքը վնասվել է։

Դրանից 40 րոպե առաջ անհայտ անձը, որը պնդել է, որ ներկայացնում է «Հեղափոխական դասակարգային ինքնապաշտպանությունը», զանգահարել էր Efimerida ton Syntakton թերթի խմբագրություն եւ տեղեկացրել, որ նախարարության շենքի մոտ պայթուցիկ սարք է դրվել։

Ենթադրվում է, որ կատարվել է երկրորդ զանգը եւ ասվել, որ սարքը գտնվում է Կորայ հրապարակի բանկի մոտ, որը նախարարության շենքի դիմաց է։

Թերթն անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը։

ERT պետական հեռարձակող ընկերությունը հայտնել է, որ պայթուցիկ սարքը եղել է պայուսակում, որը դրել էին բանկի առջեւ, բազրիքին։