Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչն արտակարգ դրություն է հայտարարել Վալպարաիսո շրջանում եւ խոստացել տրամադրել «բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»։

Հրդեհներն արդեն տարածվել են մեծ տարածքում, զոհերի թիվը կարող է ավելանալ, նախազգուշացրել են իշխանությունները։ Այժմ, նրանց տվյալներով, երկրում հրդեհի 40 ակտիվ օջախ կա։

Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Անտառային հրդեհների դեմ պայքարի տարածաշրջանային կոմիտեն (COGRID) տեղեկացրել է, որ 45 հոգու մահացած են գտել տեղում, մյուսները վախճանվել են հիվանդանոցներում՝ ստացած այրվածքներից։

Հրդեհների մարման աշխատանքին ներգրավված են 1 400 հրշեջներ, բանակը, հրշեջ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ։ Փրկարարները փորձում են հասնել առավել տուժած շրջաններ, բայց նրանց խանգարում են կրակից փախչող մարդկանց մեքենաները։

Հրդեհները լեռներից տարածվել են մերձափնյա շրջաններում՝ հասնելով Վինյա դել Մար եւ Վալպարաիսո քաղաքներին։ Այդ ընդարձակ շրջանում ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ։

Բնակշինարարության նախարարությունը արդեն տեղեկացրել է, որ հրդեհից տուժել է 3 000-6 000 տուն։

Իշխանություններն ասում են, որ կհետաքննեն հրդեհների առաջացման պատճառները եւ չեն բացառում, որ դրանք հրդեհելու հետեւանք են, իսկ իրավիճակը վատանում է տիրող ամառային շոգով։