Մենք ընդհանրապես ցուցանիշի խնդիր չունենք, որովհետև ընդհանուր առմամբ, հանրապետությունում ասֆալտապատվել կամ սալարկվել է  803 կմ ճանապարհ: Ի՞նչ ցուցանիշ ցույց տալու մասին է խոսքը: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանի  պնդմանը, թե վատ եղանակային պայմաններում իրականացվող անորակ ասֆալտապատումը վկայում է նախարարության՝  ճանապարհաշինության ինչ-որ ցուցանիշներ ապահովելու ցանկանալու մասին:

Գնել Սանոսյանի խոսքով, այս պահին կա պետական ֆինանսավորմամբ ամբողջովին ասֆալտապատված 501 կմ  ճանապարհ, և 55 կմ ճանապարհ, որտեղ միայն ներքին շերտն է տեղադրված:

«Եթե մենք ուզենայինք ցուցանիշ ցույց տալ, այդ ներքին շերտը կավարտեինք, և 501-ի փոխարեն այստեղ կասեի 556 կմ: Միգուցե եղել են հատվածներ, որտեղ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի առաջին օրերին աշխատել են, ավարտել են այն հատվածները, որոնք վերջնական տեսքի բերված չէին: Մի շարք հատվածներում էլ եղանակային պայմանների պատճառով չենք ավարտել, գարնանն ենք շարունակելու, որպեսզի որակական խնդիր չունենանք»,-ասաց նախարարը :

Անդրադառնալով նոր ասֆալտապատված ճանապարհների որակական խնդիրներին՝ Գնել Սանոսյանն ասաց, որ քաղաքացիների կողմից բարձրաձայնված դեպքերի մասին տեղյակ են, և որոշակի աշխատանքներ են տարվում այդ խնդիրները լուծելու համար: