Չորս մարդ է զոհվել, ավելի քան 250-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսային Ուտարախանդ նահանգի Հալդվանի քաղաքում, երբ տեղի բնակիչները բախվել են ոստիկանության հետ՝ մեդրեսեի և մզկիթի քանդման պատճառով։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։
«Բանդհուլպուրում (քաղաքի շրջան) տեղի ունեցած բռնության հետևանքով չորս մարդ է զոհվել, ավելի քան 100 ոստիկան վիրավորվել է, լրագրողներին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։ Բախումների ավելի քան 150 մասնակից նույնպես տուժել է, այդ թվում՝ տեղական վարչակազմի ներկայացուցիչներ և լրագրողներ։
Առճակատումը սկսվել է հինգշաբթի երեկոյան, երբ մի խումբ պետական պաշտոնյաներ՝ ոստիկանների ուղեկցությամբ, սկսել են քանդել մեդրեսեն և մոտակայքում գտնվող մզկիթը, որոնց կառուցումն անօրինական է ճանաչվել վարչակազմի և դատարանի կողմից։ Այս քայլը հանդիպեց տարածքի բնակիչների կատաղի դիմադրությանը: Նրանք սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Հաղորդվել է ոստիկանության բաժանմունքի մոտ հրազենի կիրառման և տրանսպորտային միջոցների այրման մասին։
Դեպքի վայր ժամանած ուժերն արցունքաբեր գազ են կիրառել։ Իրավապահ մարմիններն անհրաժեշտության դեպքում կրակելու թույլտվություն են ստացել։ «Ոստիկանությունը ոչ մեկին չի սադրել։ Չնայած դրան, նրանց վրա հարձակվել են, ոստիկանական բաժանմունքը ենթարկվել է վանդալիզմի, իսկ անկարգությունների մասնակիցները փորձել են այրել ոստիկաններին՝ կայանի ներսում»,- ասել է Նաինտալ շրջանի մագիստրատ Վանդանա Սինգհը:
Քաղաքում անկարգությունները ճնշելու համար պարետային ժամ է մտցվել, իսկ ինտերնետ ծառայությունները դադարեցվել են։ Տեղական իշխանությունները որոշել են փակել դպրոցներն ու քոլեջները։





























