Գլենդելում ավազակախմբի հայկական ծագմամբ  ենթադրյալ անդամին վանդալիզմի  մեղադրանք  է ներկայացվել այն բանից հետո, երբ նա  սփրեյով  գրաֆիտներ  է նկարել Փայոնիր եւ փեթերսոն պողոտաների միջեւ գտնվող  թունելի պատերին: Այս մասին հայտնում է «Glendale News-Press»-ը:

Գլենդելցի 23-ամյա Նարբե Հովհաննիսյանի գործի լրացուցիչ լսումները տեղի կունենան  նոյեմբերի 9-ին, Լոս Անջելես շրջանի Բերբանկ քաղաքի առաջին ատյանի դատարանում:   Հովհաննիսյանը, որին կասկածում են Հարավարեւելյան Լոս Անջելեսի ավազակախմբի հետ առնչություն ունենալու մեջ, ձերբակալվել է ուրբաթ օրը, այն բանից հետո, երբ ականատեսները հայտնել են, որ թունելում լսել են սփրեյի փչելու ձայնը:Ոստիկանության աշխատակիցները Լոս Անջելեսի ավազակախմբին բնորոշ գրաֆիտներ եւ նշաններ են գտել: Նաեւ նկատել են այդ շրջանում զբոսնող Հովհաննիսյանին եւ մեկ ուրիշ մարդու: Նրանք մոտեցել են Հովհաննիսյանին եւ տեսել, որ վերջինիս մատների ծայրերին սպիտակ ներկ է քսված: 

Աշխատակիցները զննել են նրա բջջային հեռախոսը եւ հայտնաբերել թունելում քիչ առաջ նկարված գրաֆիտների նկարները:Հովհաննիսյանը ժխտում է` ասելով, որ ինքը չի նկարել գրաֆիտները, այլ տեսել է, ձեռքով հպվել, եւ ներկը քսվել է ձեռքերին: