А/H1N1 գրիպի («Խոզի գրիպ») շուրջ խառնաշփոթ են բարձրացրել հենց դեղագործական ընկերությունները: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Կիեւում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ համատեղ տված ասուլիսի ժամանակ:

«Ես գիտեմ, թե ինչ է կատարվում այդ գերկոռումպացված ոլորտում, առւեւտրի եւ դեղագործության ավազակային ոլորտում: Եկեք անկեղծ խոսենք՝ մենք վաղո՞ւց ենք դադարել խոսել „թռչնագրիպի“ մասին: Ողջ աշխարհը „ծուղրուղու“ էր կանչում: Հավանաբար, բոլոր դեղերը վաճառել են: Այժմ էլ խոզի ձայներ են հանում: Իսկ վաղը, թերեւս, կատվի կամ կովի ձայներ ենք հանելու»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն նաև ավելացրել է, որ 2008 թ.-ին, երբ դեռ ոչ մի խոսք չկար «խոզի գրիպի» մասին, Բելառուսում թոքաբորբից մահացել է 21 մարդ, այս տարի` 19, որոնցից 6-ի մոտ կային նոր գրիպի ախտանշաններ: «Դա գրիպ է, թեկուզ՝ „խոզի“: Դա համաճարակ եւ խոլերա չէ, որ անբուժելի են: Սա լիովին բուժելի է»:

Նա կոչ է արել բնակչությանը չմատնվել խուճապի, բայց եւ ինքնբուժմամբ չզբաղվել: «Մարդը լրջորեն հիվանդացել է եւ փոխանակ դիմի բժիշկներին սկսում է բուժվել հատապտուղներով. արդեն ուշ է՝ 40 աստիճան տաքություն…: Մենք ի վիճակի ենք ինքներս գլուխ հանել, եւ Ուկրաինան էլ նույնպես: Պետք չէ վախենալ ու սրել իրավիճակը»: