Նոյեմբերի 15-ին Երեւանի նոր քաղաքապետի ընտրությունից հետո Երեւանի ավագանին պետք է ընտրի քաղաքապետի առաջին տեղակալին: Այդ պաշտոնում հիմա Տարոն Մարգարյանն է, ով ընտրվելու է քաղաքապետ:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն` .քաղաքապետն ունի մեկ առաջին տեղակալ եւ կարող է ունենալ եւս ոչ ավելի, քան 3 տեղակալ: Ըստ որում` քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ: Օրենքի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: «Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երեւանի ավագանու անդամ: Քաղաքապետի տեղակալներին պաշտոնից ազատում է քաղաքապետը»,-նշված է օրենքում:
Օրենքի համաձայն` քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքից:
Այսպիսով` Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալին պետք է ընտրի Երեւանի ավագանին, նա պետք է լինի ավագանու անդամ: Ներկա պահին Երեւանի ավագանին ունի 44 անդամ` ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններից: Հաշվի առնելով, որ ավագանու 35 անդամները ՀՀԿ-ական են, կարելի է հետեւություն անել, որ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ կընտրվի հենց Հանրապետական կուսակցությունից, առավել եւս` եթե հաշվի առնենք, որ քաղաքապետի միակ թեկնածուն ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն է:
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնի համար մամուլում բազմաթիվ անուններ են շրջանառվում`ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, ՀԷԿ-երի մասնագետ Նաիրա Նահապետյան, մասնագիտությամբ փաստաբան, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյան եւ Էդուարդ Մադաթյանի որդի ու Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի փեսա Արման Մադաթյան:
Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: Ըստ «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի, նոր քաղաքապետը Ավագանու կողմից պետք է ընտրվի քաղաքապետի հրաժարականից հետո մեկ ամսվա ընթացքում: Հատկանշական է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել ոչ միայն քաղաքապետի պաշտոնից, այլ նաեւ Ավագանու անդամությունից, այնինչ իր նախորդը` Գագիկ Բեգլարյանը մինչ օրս մնում է Երեւանի ավագանու անդամ:




























